Hraparak.am-ը գրում է.
Հայաստանի վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Սոֆի Դևոյանը հուլիսի 8-ին նշում էր ծննդյան 75-ամյակը:
Օրվա շրջանակում Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացրել է «Սոֆի Դևոյանն ու Պարի պետականը» խորագրով Հայաստանի պարի պետական անսամբլի համերգային երեկոն: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Շնորհավորելով պարուհուն՝ Ժաննա Անդրեասյանը նշել է. «Այն, ինչով Դուք զբաղվում եք, ոչ միայն մշակույթ է, այլև մարմնի կրթություն ու գեղագիտական ճաշակ, որի շնորհիվ բազմաթիվ երեխաներ ստացել են ճիշտ ուղղորդում ու գիտելիք։ Վստահ եմ՝ այդ դպրոցն անցնելով՝ մենք ձեռք ենք բերել ոչ միայն պարուհիներ ու արվեստի մարդիկ, այլև լավ քաղաքացիներ։
Գնահատելի է այն աշխատանքն ու արվեստը, որ շարունակաբար կերտում եք՝ մասնակիցը դարձնելով նաև մեզ, որովհետև Ձեր յուրաքանչյուր ներկայացում վայելք է»։
Նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով է պարգևատրել Սոֆի Դևոյանին՝ պարարվեստում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա գործունեության, ինչպես նաև ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ: Վարչապետի կինը` Աննա Հակոբյանը նույնպես ներկա է եղել համերգին, որի ընթացքում ողջագուրվել է Սոֆի Դևոյանի հետ: Այս ամենը համացանցում որոշակի քննադատությունների տեղիք է տվել: Մենք մի քանի հարց ենք ուղղել պարուհի Սոֆի Դևոյանին:
- Համացանցում որոշակի քննադատություններ եղան, որ նախարար Անդրեասյանի ձեռքից մեդալ եք վերցրել, ողջագուրվել եք Աննա Հակոբյանի հետ և այլն:
-Ինչի՞ մասին է խոսքը, ես միայն լավ բաներ էի կարդում քիչ առաջ:
- Դրական մեկնաբանություններ, անշուշտ, կան, սակայն գաղտնիք չէ, որ այս իշխանություններին շատ շատերը չեն համակրում, մեղադրում են, ուստի նաև քննադատում են Ձեզ, հատկապես Աննա Հակոբյանի հետ գրկախառնվելու համար:
- Գիտեք ինչ, ինչո՞ւ են քննադատում, որ ի՞նչ, որ 75 տարեկան կին եմ և մեդա՞լ եմ ստացել, հա՞, դրա՞ համար են քննադատում: Ոչ ժողովրդական եմ, ոչ մի բան ու ընդհանրապես ի՞նչ է տալիս դա, ժողովուրդը սիրում է ինձ, շնորհակալ եմ, ինձ գնահատում են, շնորհակալ եմ, իսկ ուրիշ կարծիքներն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում, մարդիկ նրա համար են, որ խոսեն: Մեկը լավը կասի, մյուսը` վատը, ոչինչ թող խոսեն, կյանքն այդպիսի բան է: Ամեն ինչին այս կյանքում պետք է շատ հանգիստ վերաբերվել ու ոչ մի պրոբլեմ չի լինի:
- Բայց նաև ասում են, որ այսքան ժամանակ Դուք լռում էիք հենց սրա համար....
- Եկեք չքննարկենք նման մարդկանց, ես շատ հանգիստ եմ վերաբերվում: Ուզում են քննադատել, թող քննադատեն, ուզում են լավ բաներ ասել, թող ասեն, ամեն մարդ իր կարծիքն ունի և թող մնա իր կարծիքին: Իմ տրամադրությունը շատ բարձր է, ես չեմ էլ կարդում ինչեր են գրում, շատ հանգիստ եմ վերաբերվում ամեն ինչին:
- Համակրո՞ւմ եք այս իշխանություններին: Նրանց շատ հայտնիներ մեղադրում են պատերազմում պարտվելու, երկիրը թշնամուն հանձնելու մեջ:
- Ինձ քաղաքական հարցեր մի տվեք, խնդրում եմ: Բացում եմ ֆեյսբուքը, ինչ ասես գրում են, գրել էին Գարիկ Մարտիրոսյանի մասին: Ով մի բան ասում է, էդպես է լինում....
- Իսկ որպես կին համակրո՞ւմ եք Աննա Հակոբյանին:
- Չեմ պատասխանի այդ հարցին: Քաղաքականությունն ինձ համար չէ: Այն ինչ վերաբերում է քաղաքականությանը, ես չեմ պատասխանի: Ինչ վերաբերում է ղեկավարությանը, պետք է հարգել այն մարդուն, ով տվյալ պահին ղեկավարում է երկիրը: Ես մշտապես հարգել եմ այն ղեկավարներին, ովքեր երկրի ղեկին են եղել: Եղել եմ 14 տարեկան, հարգել եմ տվյալ պահի ղեկավարությանը, եղել եմ 19 տարեկան, հարգել եմ ու այդպես…. Ինչ-որ մեկին քննադատել չեմ պատրաստվում: Այսօր այս մարդն է մեր վարչապետը, ուրեմն պետք է հարգել նրան: Ես միշտ այդպես եմ մտածել: Այդքան մի բան: