Հայաստանում դիտարկում են Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցը: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի ներկայացմանը:

Կառավարությունը ցանկանում է երկարաձգել վարկային համաձայնագրի ժամկետը, որն ավարտվել էր 2023 թվականի դեկտեմբերին: Այս երկարաձգմամբ նպատակ ունեն ծրագիրն ավարտին հասցնել:

«Ծրագիրն ամբողջությամբ ավարտել ենք, սակայն հետավարտական փուլում ունենք որոշակի պարտավորություններ, որոնք կատարման են ենթակա: Եվ այս ժամկետն, ըստ էության, անհրաժեշտ է այդ պարտավորությունները կատարելու համար: Շինարարական աշխատանքների երաշխիքային ժամկետի լրացման պայմանի ներքո մենք ունենք պահված գումարներ, անհրաժեշտ է այդ պահված գումարները ժամկետի ավարտից հետո վճարել, նաև ավարտական հաշվարկներ անել խորհրդատուների հետ»,-ասաց փոխնախարարը:

Առաջարկվում է ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 31-ը:

«Ծրագրով նախատեսել ենք նաև իրականացնել երկու թունելների՝ Պուշկին և Դիլիջան թունելների նախագծային աշխատանքները: Այդ նախագծային աշխատանքները պատվիրել ենք, ուսումնասիրությունները կատարվել են, և անհրաժեշտություն է առաջացել փոփոխել նախագծային առաջադրանքը և Դիլիջանի թունելի համար նոր նախագիծ պատվիրել: Այսինքն՝ ուսումնասիրման արդյունքներով դիտարկում ենք, որ Դիլիջանի նոր՝ երկրորդ թունելի կառուցման անհրաժեշտություն կա: Այսպիսով՝ նախագիծը, որն ի սկզբանե պատվիրել էինք թունելի վերականգնման համար, կփոփոխվի, և նոր թունելի կառուցման նախագիծ կներկայացվի»,–ասաց Ղալեչյանը:

Փոխնախարարը հավելեց՝ պարտավորվել են, որ ներդնելու են Եվրոպական միության թունելի անվտանգության պահանջները, որոնք այդ թվում լուսավորության և այլ անվտանգային միջոցառումների մասով այլ պահանջներ են սահմանում:

«Քանի որ Դիլիջանի թունելի վերականգնման աշխատանքների արժեքը բավականին բարձր է լինելու, և նոր թունելի կառուցումն էլ արժեքով գրեթե մոտ է լինելու դրան, վերլուծությունը ցույց տվեց, որ գործող թունելը հնարավոր է օգտագործել որպես տարհանման թունել կամ երթևեկությունն ընդլայնելու համար»,-նշեց փոխնախարարը:

Ըստ նրա՝ նոր ստանդարտներով նոր թունելի կառուցումն ավելի նպատակահարմար է և ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման տեսանկյունից հիմնավորված, քանի որ երթևեկության ինտենսիվությունն այդ հատվածում շատ բարձր է:

Թունելի իրականացման բաղադրիչը վերոնշյալ վարկային համաձայնագրի շրջանակներում չէ: Քանի որ ի սկզբանե եղել են խնայողություններ, պատվիրել են թունելների նախագծման աշխատանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել