Hetq.am-ը գրում է․
2024 թվականի փետրվարին Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի ակումբի տանիքի հիմնանորոգման աշխատանքների համար գնում է արվել՝ գնանշման հարցում ընթացակարգով, որին հայտ է ներկայացրել միայն մեկ կազմակերպություն՝ «Սասուն Ղուլունց Արամայիսի» ԱՁ-ն:
Սասուն Ղուլունցը Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի եղբայրն է։ Պայմանագրի ընդհանուր գումարը 12 մլն 335 հազար դրամ է եղել։ Բացի այս ԱՁ-ից, Սասուն Ղուլունցին է պատկանում նաև «Աս Շին 80» ՍՊԸ-ն։ Նա նաև «Էներգես» ՍՊԸ-ի տնօրենն է, որի բաժնեմասերի 34%-ը պատկանում է նրա դստերը՝ Շահանե Ղուլունցին, 33%-ը Դավիթ Ղուլունցի դստերը՝ Դիանա Ղուլունցին։ Այս 2 ընկերությունները հիմնադրվել են 2021թ․-ին։ «Աս Շին 80» ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի տվյալների, զբաղվում է ավազի և խճի արդյունահանմամբ, իսկ «Էներգես» ՍՊԸ-ն շահագործում է «Սիսական-1» փոքր հէկը։
Սասուն Ղուլունցն այս տարի ևս մեկ պայմանագիր է կնքել համայնքի հետ։ Պայմանագիրը կնքվել է Տեղ համայնքի Տեղ բնակավայրի ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար։ Այս անգամ գնումն իրականացվել է բաց մրցույթ ընթացակարգով, սակայն եղել է միայն մեկ մասնակից՝ «Սասուն Ղուլունց Արամայիսի» ԱՁ-ն։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 284 մլն 848 հազար դրամ։
Նախորդ տարի նույնպես Սասուն Ղուլունցի հետ Տեղ համայնքը պայմանագրեր է կնքել։ 2023-ի նոյեմբերին Տեղ գյուղի ոռոգման ներտնտեսային ցանցի պոմպակայանի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար համայանքապետի եղբորը համայնքը վճարել է 7 մլն 749 հազար դրամ։
Տեղ համայնքի Քարաշեն և Խնածախ բնակավայրերում խաղահրապարակի և ժամանցային կենտրոնի կառուցման աշխատանքները ևս իրականացրել է Սասուն Ղուլունցը։ Այս պայմանագրի ընդհանուր գումարը 9 մլն 768 հազար դրամ է եղել։
Իսկ Վաղատուր բնակավայրի վարչական շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքներն իրկանացնելու համար Ղուլունցը ստացել է 6 մլն 384 հազար դրամ։
2022-ին համայնքապետարանը Սասուն Ղուլունցի հետ կնքել է 5 պայմանագիր։ Տեղ համայնքի խաղահրապարակ-ժամանցի կենտրոնի վերակառուցման-վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար Ղուլունցը համայնքից ստացել է 9 մլն 690 հազար դրամ, հրշեջ ավտոմեքենայի ավտոտնակի կառուցման աշխատանքների համար՝ 5 մլն 829 հազար դրամ, Մելիք Բարխուդարի ապարանքի տանիքի վերակառուցման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների համար՝ 8 մլն 530 հազար դրամ, Քարաշեն բնակավայրի վարչական շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների համար՝ 5 մլն 160 հազար դրամ և Տեղ համայնքի Տեղ բնակավայրի նախկին հիվանդանոցի շենքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար՝ 28 մլն 550 հազար դրամ։
Դավիթ Ղուլունցը Տեղ համայանքի ղեկավար է ընտրվել 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ Համայնքապետ ընտրվելուց հետո նրա եղբոր ԱՁ-ի հետ համայնքը կնքել է 10 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 378 մլն 843 հազար դրամ։ Մեզ հետ զրույցում Դավիթ Ղուլունցը նշեց, որ այստեղ որևէ խնդիր չի տեսնում։ «Հեշտ չի սահմանամերձ գոտում գտնել ընկերություն, որը կհամաձայնի շինարարություն իրականացնել»,- ասաց Ղուլունցը։ Նրա խոսքով՝ ինքն առնչություն չի ունեցել եղբոր ԱՁ-ի հետ պայմանագրերի կնքման գործում։
Հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանի խոսքով՝ խախտվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը։ «Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում պարտավոր է շահերի բախման մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն առաջարկում է ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր, այդ թվում՝ հանդես գալ կոնկրետ իրավիճակում շահերի առկայության մասին հայտարարությամբ»,- ասաց Խուդավերդյանը։
Նշենք նաև, որ Դավիթ Ղուլունցի քեռին Սյունիքի նախկին մարզպետ, պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանն է։ Մեզ հետ զրույցում գյուղացիներն ասում էին, որ համայնքապետն անպատժելի է մնում հենց քեռու շնորհիվ, որն իր կապերն օգտագործում է զարմիկին ամեն կերպ պաշտպանելու համար։
Ամիսներ առաջ էլ գրել էինք Տեղ համայնքի մանկապարտեզների սննդի և համայնքի կարիքների համար սեղմված բնական գազի ձեռքբերման պայմանագրերի կնքման մասին։ Համայնքապետը գնումները կատարել էր իր կնոջ՝ Կարմեն Մալյանի ԱՁ-ից և քեռուն՝ Մարտունիկ Պողոսյանին պատկանող «Զանգեզուր գազ» ՍՊԸ-ից։ Այս հոդվածի հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել։
Գլխավոր լուսանկարում ձախից՝ Դավիթ Ղուլունցն ու Մելիքսեթ Պողոսյանը