News.am-ը գրում է.
Նախ թող դադարեն մեզ սպառնալ, հերիք եղավ մեզ սպառնալ, երկրորդը՝ հերիք եղավ ՀԱՊԿ-ի մասին խոսել, երբ ՀԱՊԿ-ի մասին խոսում են, դրանից առաջ թող գան ասեն, թե ՀԱՊԿ-ի սահմանը որտեղով է անցնում, ինչ պարտավորություններ ունեն թե որպես ՀԱՊԿ գործընկեր, թե որպես ՀՀ-ՌԴ պայմանագրի կողմ: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, թե Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնար դարձնել համատեղ աշխատանքի վերադարձը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի մյուս երկրների հետ միասնական պաշտպանական տարածքի ստեղծման ուղղությամբ։
Լագուզինը նաեւ ասել էր. «Սակայն չմտածված որոշումները, որոնք արեւմտականների համար կապահովեն լիակատար թույլտվություն տվյալների ազգային շտեմարանների, երկրի անվտանգության համար զգայուն տեղեկության հանդեպ, ոչ միայն սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլեւ կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել համատեղ աշխատանքի վերադարձը՝ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ մյուս դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման ուղղությամբ»:
«Երկրորդ, Հայաստանը որեւէ երկրի հետ բանակցություն չի վարում, չի քննարկում որեւէ ռազմաբազա տեղադրելու, ռազմական որեւէ ալյանսի միանալու վերաբերյալ: Աբսուրդ եմ որակում ազգային տվյալների բազաների վերաբերյալ տվյալների փոխանցում: Հերիք է՝ մեզ հետ կպված նման հռետորաբանությամբ խոսել, հերիք է մեզ սպառնալ, ուղիղ եւ անուղղակի իրենց այդ քարոզիչներով, հայկական ազգանուն ունեցող մանկուրտներով, որոնք վճարվում են դրա համար: Դա մեր երկրի, հասարակության վրա չի ազդում, հակառակ էֆեկտն է ունենում: Մենք դրան ոչ ծանոթանում ենք, ոչ էլ դրանով առաջնորդվում:
Ես չեմ կարծում, որ պետք է այդ պարոնին արձագանքեմ, թե ԱԳՆ-ն ճիշտ կգտնի, կարձագանքի»,-ասաց Ալեն Սիմոնյանը: