Hetq.am-ը գրում է.

ԱՄՆ-ի կառավարության Առողջապահության և հանրային ծառայությունների վարչության Սննդամթերքի և դեղորայքի ադմինիստրացիան իր պաշտոնական կայքում հրապարակել է արտասահամանյան այն ընկերությունների ցանկը, որոնց` ԱՄՆ ներմուծած ապրանքներում հայտնաբերվել են խախտումներ:

Համաձայն հրապարակված տվյալների` հայաստանյան «ԱՄՄ» ՍՊԸ-ն արտահանել է «Լոռի» տեսակի պանիր, որի վաճառքի վրա արգելանք է դրվել օգոստոսի 7-ին: Պանրում  հայտնաբերվել է աղիքային բակտերիա (ESCHERICHIA, COLI TYPICAL): Հայտանաբերված խախտման վերաբերյալ ահազանգը կայքում հրապարակվել է սեպտեմբերի 13-ին:

«ԱՄՄ» ընկերությունը գործում է Գյումրիում: «Մենք գիտենք, որ փորձաքննությունը դեռ ընթանում է, դեռ վերջնական պատասխանը չենք ստացել»,- ասաց ընկերության մենեջեր Աստղիկ Հակոբյանը: Նա նշեց, որ մոտ երեք տարի է, ինչ իրենց ընկերությունը գործում է: «Լոռի» պանիրը այս տարվանից է սկսել արտահանվել ԱՄՆ:

«Բայց մենք էստեղ ունենք անալիզների պատասխան, որ ստուգումների ժամանակ մեր արտադրանքից ոչ մի բան չեն հայատնաբերել: Հայաստանում լաբորատոր փորձաքննություն անցել է, և ոչ մի բան չի հայտնաբերվել: Կարող եք գալ և նայել»,- առաջարկեց Ա. Հակոբյանը:

Թե որ լաբորատորիայում է անցել փորձաքննությունը, ընկերության մենեջերը հստակ չէր հիշում: Նա ավելացրեց, որ  իրենց արտադրանքը ստուգել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: «Մի ժամանակ, հիշում եք երևի, բոլոր տեղերում անցկացվեցին նմանատիպ ստուգումներ, և միայն մեր և մի քանի այլ ֆիրմաներիում չի հայտնաբերել ոչ մի տեսակի ցուպիկ. և ոչ միայն ցուպիկ, ոչ մի վտանգավոր բան չեն հայտանբերել: Ամենամաքուր անալիզի պատասխաններն ունենք»,- ասաց Ա. Հակոբյանը:

Ավելացնենք, որ Սննդամթերքի անվտանգության ծառայություն «ԱՄՄ» ՍՊԸ-ի արտադրանքի  վերաբերյալ վերջին հրապարակումը եղել է 2012թ. օգոստոս ամսին: Այդ ժամանակ ծառայությունը ստուգված 59 ընկերություններից 18-ի արտադրանքը ճանաչել է վտանգավոր մանրէաբանական (ԱՑԽՄ) ցուցանիշներով: Այդ 18 ընկերությունների ցանկում է նաև «ԱՄՄ» ՍՊԸ-ն:

Մարինե Մադաթյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել