Ռուսաստանի Քննչական կոմիտեն ձերբակալել է ՌԴ Զինված ուժերի Կապի գլխավոր վարչության պետ, Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Շամարինին։ Այս մասին տեղեկացրել է «Կոմերսանտ» թերթը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրին։ Տեղեկությունը հաստատել է «Ինտերֆաքսի» աղբյուրը։

«Կոմերսանտի» տվյալներով՝ Շամարինին ձերբակալել են  ենթադրվող մեքենայությունների քրեական գործով։ Գեներալի մոտ խուզարկություն է կատարվել, ինչից հետո նրան տարել են հարցաքննության ՔԿ Գլխավոր ռազմական քննչական վարչություն։

Գործը քննվում է 235-րդ կայազորային ռազմական դատարանում։

Քննչական կոմիտեում այս մասին մեկնաբանություն չեն տվել։

Վերջին ժամանակներս հայտնի է դարձել մի քանի քրեական գործերի մասին, որոնք հարուցվել են ՌԴ ՊՆ ղեկավարների դեմ։ Ապրիլի վերջին Մոսկվայում ձերբակալեցին ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովին, նրան մեղադրում են կաշառք վերցնելու մեջ։ Մայիսին ձերբակալեցին  ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետ Յուրի Կուզնեցովին, նա նույնպես մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։ Բացի այդ, 58-րդ բանակի նախկին հրամանատար Իվան Պոպովը, որը քննադատել էր ՌԴ ՊՆ-ին, ձերբակալվել է խարդախության գործով։

2020թ. մեքենայությունների եւ կոռուպցիայի գործով ձերբակալել են Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Խալիլ Արսլանովին։ Նրան մեղադրում են խարդախության եւ կաշառք ստանալու մեջ։ 2022թ. «Կոմերսանտը» գրել էր, որ Արսլանովի գործը կքննվի փակ ռեժիմով, դատավճռի մասին չի տեղեկացվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել