«Շարժումը մարել է» ֆրազը 24/7 ռեժիմով կրկնող իշխանությունները երեկ մի ամբողջ հարցուպատասխան նվիրեցին այդ «մարող» շարժմանը։ ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երկու ժամանոց ելույթ ունեցավ այս թեմայով` իրականում փորձելով հանգստացնել եւ հոգեթերապիա անցկացնել թիմակիցների հետ, որ նրանք իրեն չդավաճանեն: Ելույթի բուն նպատակը Հայ առաքելական եկեղեցուն եւ նրա սպասավոր՝ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ Բագրատ սրբազանին, նրա առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վարկաբեկելը, նսեմացնելն էր, շարժում, որն այնքան համաժողովրդական է դարձել, եւ վարչապետի հրաժարականի պահանջն այնքան մեծ տարածում է գտել, որ ոչ մի վարկաբեկում այլեւս չի կարող նրան վնասել: Նիկոլ Փաշինյանը երեկ ապացուցեց մեր նախորդ հրապարակման հավաստիությունը, որ անձամբ է «լայվով» հետեւում սրբազանի յուրաքանչյուր քայլին, խոսքին, շարժուձեւին, եւ ուսապարկերին էլ ինքն է հրահանգում, թե որ դրվագին ինչպես հակադարձեն։ Երեկ խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը մանրակրկիտ, դետալ առ դետալ վերլուծում էր շարժումը՝ ի պատասխան ՔՊ-ական կին ուսապարկերի հարցերին, որոնք ուշիմ աշակերտի պես բարձրացում էին շարժման մասին հարցերը։

Իր պատասխաններում Փաշինյանը փորձում էր ինքնավստահ երեւալ, մերթ ընդ մերթ հոխորտում էր, թե շարժումը չի հաջողելու, փորձում էր ներշնչել, որ իշխանությանը վտանգ չի սպառնում, ոչ մեկի մտքով հանկարծ չանցնի նավը լքել: Եվ տողատակում կրկնեց 2018-ի հայտնի խոսքը` կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա, որն այս պարագայում նշանակում է` Հայաստանը չի լինի: Հերթական անգամ իրեն համեմատեց ինչ-որ գրական գործերից իր ուղեղում մեխված միֆական կերպարի` Պապ թագավորի հետ, որի մասին պատմական աղբյուրները բոլորովին այլ տեղեկություններ են փոխանցում. «Ես՝ որպես ՀՀ վարչապետ, երաշխավորում եմ` Պապ թագավորը չի սպանվելու, ՀՀ կառավարությունը չի սպանվելու, ինչ վեղար էլ ուզում են հագնեն, քանի կիլոյանոց, ինչ մետաղից խաչ ուզում են դոշներից կախեն, Պապ թագավորը չի սպանվելու։ Այսօրվա ՀՀ-ն իրագործում է Պապ թագավորի երազանքը, որն իրագործվել է, եւ դա որեւէ մեկը չի կարող սպանել»։

Ապա անցավ իր սիրելի դեմագոգիային` չակնկալիքների շարժումն անվանեց շարժում դեպի չպետություն, չինքնիշխանություն, չանկախություն, չքաղաքացիություն։ Ըստ նրա, դա արվում է այն բանի համար, որ լինեն երկրներ եւ մարդիկ, որ ասեն` «դե, տեսնո՞ւմ եք՝ ՀՀ-ն ի վիճակի չի անկախ պետություն լինել, իրեն պետք է կիսաֆորպոստային վիճակներում յոլա գնալ, ապրեք, կերեք` ընդհուպ մոմ վառեք, ուզում են ՀՀ-ն դարձնել թեմերից մեկը»։ Հետո փորձեց հաջորդ դեմագոգիան առաջ տանել` ակնարկելով, թե շարժումը կառավարում են Ռուսաստանից, թե պատմության ընթացքում Հայաստանի ղեկավարները երբ գնում էին, Կեսարիայում օծվում էին եւ գալիս, դառնում էին ազդեցության գործակալներ։ «Այդ ազդեցության գործակալի մասը Պապ թագավորից մինչեւ այսօր չի լուծվել, բայց համոզված եմ՝ առաջիկա 1, 2, 3 ամսում էդ էլ է լուծվելու։ Սա այն խոսակցությունն է, որն ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ, բայց այս անգամ Պապ թագավորը չի մեռնելու»։ Սա էլ Ռուսաստանից ամբողջությամբ տարանջատվելու խոստումների շրջանակից է` ուղղված Արեւմուտքին:

Օգտվելով իրավիճակից, որ հանրության շրջանում Արցախի կորստից հետո հակառուսականության տրամադրություններն աճել են, Փաշինյանը շարունակեց. «Ես ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը, այդ երկրներն իմիտացիա են ստեղծել, որ մեզ օգնում են, բայց ես ուզում եմ ասել, որ այդ պատերազմը ԼՂ-ի մասին չի եղել, դա եղել է Հայաստանի չակնկալիքների մասին», փորձելով մանիպուլյացիաներով նույնականացնել սրբազանի հայտարարած «չակնկալիքների պայքարը» պատերազմի եւ մեր թշնամիների հետ։ Ըստ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի նպատակը եղել է Հայաստանի չգոյությունը: Պատերազմից հետո «չակնկալիքը» չի արդարացվել, փորձել են 2021 թ. մայիսին, ըստ նրա՝ չի ստացվել, փորձել են 2022 թ. սեպտեմբերին՝ չի ստացվել, փորձել են 2023 թ. սեպտեմբերին՝ էլի չի ստացվել, մի հատ էլ փորձեցին 2024 թ. մայիսի 9-ին: «Չստացվեց ու չի ստացվելու»,- ասաց նա։ Թե ինչ նկատի ունի «չստացվելու» տակ, պարզ է` ինքը կարողացել է պահել իշխանությունը, իսկ հայ մարդիկ տեսնում են, որ լավ էլ ստացվել է` Արցախը գրավել են, Ջերմուկի եւ Իշխանասարի գլխին են, Տավուշից հողերը վերցրել են: Այնպես որ, թշնամու բոլոր ակնկալիքներն արդարացել են, եւ ծրագրերը հաջողվել:

Մի ուշագրավ հայտարարություն էլ արեց. «Մենք հասկանում ենք, որ Հայ առաքելական եկեղեցին ունի առանձնահատկություններ, եւ պաշտոնապես առաջարկել ենք, որ հարկային համակարգը ներդնենք եւ հավաքագրված ամբողջ գումարը կվերադարձնենք Հայ առաքելական եկեղեցուն, եւ այս առաջարկը պաշտոնապես եղել է, եւ ինձ համար զարմանալի է, թե ինչու է մերժվել: Այսինքն՝ մենք ասել ենք, որ ընդամենը թափանցիկություն ենք ուզում: Հայ առաքելական եկեղեցու գործունեության արդյունքում ինչքան կհավաքվի, մենք լրիվությամբ կվերադարձնենք: Բայց երբ վերլուծում ենք, թե ինչը կարող է պատճառ լինել մերժման՝ թափանցիկության խնդիրը, որովհետեւ, ըստ ամենայնի, ֆինանսական հոսքերի հետ կան պրոբլեմներ, հակառակ դեպքում թող մեկը բացատրի, թե ինչու պիտի այս առաջարկը մերժվի»: Ինչեւէ, պետության ղեկավարի մի քանի ժամանոց հիստերիկ անդրադարձը «մարած շարժմանը», ընդամենը փաստեց, որ Փաշինյանն աթոռը կորցնելու վտանգ է զգում, եւ ողջ թիմով նետվել են այն պահել-պահպանելուն, ինչը չեն անում Հայաստանի տարածքների դեպքում։

Իշխանական թիմն այնքան անգիտակից է դարձել, որ երեկ թիվ մեկ ամբիոնից հարյուր հազարավոր մարդկանց անվանեցին «անադեկվատ»․ ՔՊ-ի հայտնի Լուլուն, ով առիթը բաց չի թողնում իրեն պատգամավոր դարձրած Փաշինյանին քծնելու համար, երեկ իր հարցը սկսեց լիրիկական նախաբանով` «հարց, որը հետաքրքրում է ադեկվատ, ողջամիտ, էս պայքարից դուրս մնացած բոլոր քաղաքացիներին»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել