Lurer.com-ը գրում է.
Սուրբ Աննա եկեղեցու բակում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանը հատուկ անդրադարձավ դասադուլ հայտարարած ուսանողներին ապօրինաբար սպառնալիքներ հնչեցնելու մի փաստի․
«Երևանի պետական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն այսօր ժողով է հրավիրել ԲՈւՀ-ի դեկանների հետ և նրանց հանձնարարել՝ անպայման նշել բոլոր ուսանողների բացակաները։ Նա ասել է, որ բոլոր այն ուսանողներին, ովքեր շատ բացականեր ունեն, պետք է նկատողություն հայտարարել և հավելել է, որ պետք է ամեն գնով դադարեցնել ուսանողների դասադուլը։ Նրա խոսքերի մեջբերումն եմ ներկայացնում․ «Պետք լինի՝ հազար ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից»»։
Բագրատ Սրբազանն, այս տեղեկությունը ներկայացնելով, հիշեցրեց՝ քաղաքացին ունի իրավունքներ, ապա հավելեց․
«Հիմա ես ասում եմ՝ հազար ուսանող և ավելին, դասադուլ արեք։ Էլինա Ասրիյանը չգիտեմ՝ ով է, բայց այս երկրում գոյություն ունի քաղաքացու իրավունք, եթե չեմ սխալվում։ Ընդվզելու, անհամաձայնություն հայտնելու իրավունք։
ԵՊՀ-ն հոգու դարբնոց է եղել, և այդպես էլ պետք է մնա։ Այնտեղից մարդիկ ճախրանքով պետք է դուրս գան, և ոչ թե խեղճ, զսպված, սահմանափակված, առանց արժեքներ, դավանանք ունենալու։
Ես վաղը գնալու եմ համալսարան։ Թե՛ Էլինա Ասրիյանին, թե՛ ռեկտորին՝ Հովհաննես Հովհաննիսյանին, պարզապես զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք։ Եթե դուք այդքան քաջություն չունեք ճշմարտության մասին խոսելու և նախընտրել եք ստի մեջ պարփակված ապրել, համալսարանի ուսանողներն այդ քաջությունն ունեն և մերժում են սուտը, որովհետև ուզում են ապրել ճշմարտության ու հաշտության մեջ»,- ասաց Բագրատ Սրբազանը։