Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարար Պիլար Ալեգրիայի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իսպանիա երկկողմ կապերի ամրապնդման, համատեղ ծրագրերի իրականացման հարցերը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Հայաստանը կրթական բոլոր մակարդակներում ակտիվ բարեփոխումների փուլում է գտնվում: Ներկայացնելով բարեփոխումները՝ նախարարը նշել է, որ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում է հանրակրթության նոր չափորոշիչը, որտեղ մեծ տեղ է հատկացվում ԲՏՃՄ և օտար լեզուների ուղղությամբ կրթությանը:
Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են ուսումնական հաստատությունների կառավարմանը, ուսումնական հաստատություններում սովորողների կրթության որակի բարձրացման վրա ազդող գործոններին և սովորողների ուսումնառության մոտիվացիայի բարձրացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև մասնագիտական կրթությանն ու իսպաներենի ուսուցմանն առնչվող հարցերին:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարար Պիլար Ալեգրիան ստորագրել են սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր:
Ըստ փոխըմբռնման հուշագրի՝ կողմերը կզարգացնեն հարաբերությունները սպորտի ոլորտում՝ հաշվի առնելով, որ սպորտն ամուր հենասյուն է բարեկամական հարաբերությունների և փոխըմբռնման ամրապնդման համար։
Կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համագործակցելու սպորտային բժշկության, հակադոպինգային գործունեության, խոշոր մարզական միջոցառումների կազմակերպման, սպորտի ոլորտում մասնագետների և ղեկավարների վերապատրաստման, երիտասարդ մարզիկների ձևավորման, սպորտում կանանց ներգրավվածության բարձրացման և այլ ուղղություններով: Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում սպորտի կառավարման մոդելի զարգացմանը և այդ համատեքստում քննարկվել իսպանական փորձի ուսումնասիրության հնարավորությունը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է իսպանական կողմի՝ Հայաստանում անցկացվող միջազգային խոշոր մարզական միջոցառումներին ակտիվ մասնակցությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել