Armenpress.am-ը գրում է.
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Տավուշի հատվածում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին՝ վստահեցնելով, որ ՀՀ իշխանության գործողությունները միտված են ներկային, ապագային և տարածաշրջանում կայուն խաղաղությանը։
Վահագն Խաչատուրյանը թեմային անդրադարձել է «Արմենպրես»-ի և Շանթ հեռուստաընկերության հետ զրույցում։
«Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում՝ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Բերքաբեր գյուղերի միջև, միտված են առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի մեջ սահմանները ճշտելուն։ Ի վերջո, մենք պետք է գիտակցենք, որ եթե կա պետություն, պետությունը պետք է ունենա սահմաններ, և այդ պետության ապագան կախված է լինելու նրանից, թե հարևանների հետ սահմաններն ինչքանով են ճշգրտված։ Հակառակ դեպքում միշտ վտանգ կա, այդ վտանգը պետք է չեզոքացնել։ Ոչ թե պետք է սպասել և այդ վտանգը չեզոքացնել այն ժամանակ, երբ այն իրականում արդեն կա, այլ այն ժամանակ, երբ դա չկա, պասիվ վիճակում է»,-ասաց ՀՀ նախագահը՝ հավելելով, որ այսօրվա քայլերը միտված են այդ խնդրի լուծմանը։
Խաչատուրյանը նշեց, որ շատ դեպքերում իշխանությունը չի կարող բանակցային գործընթացից մանրամասներ ներկայացնել սահմանազատման հատվածում գտնվող գյուղերի բնակիչներին, քանի որ դա կարող է խանգարել վերջնական լուծմանը։
«Բայց վստահեցնում և հավատացնում եմ, որ մենք շատ ավելի շահագրգռված ենք և պատասխանատվություն ենք կրում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Եվ մեզ համար ամենակարևորն այն մարդկանց անվտանգությունն ապահովելն է, որոնք ապրում են այդ գյուղերում»,-ընդգծեց Նախագահ Խաչատուրյանը։
Նա ավելացրեց, որ նաև որպես ՀՀ քաղաքացի՝ կառավարության գործունեությունը խիզախություն է համարում։
«Նախկինում, ցավոք սրտի, մենք խնդիրները թողնում էինք ապագային և նույնիսկ հրապարակային էինք այդպես հայտնել մի քանի անգամ։ Հայտնի մի այսպիսի թեզ կար, երբ խոսքը վերաբերում էր Ղարաբաղի խնդրի չլուծմանը՝ 100 տարի էլ կարող ենք այսպես ապրել։ Տեսանք, որ 100 տարի չի լինում այդպես ապրել, որովհետև ժամանակները, իրավիճակները փոխվում են, և այն, ինչ այսօր կարելի է անել, վաղը չենք կարող։ Պետք է կարողանալ վտանգները ժամանակին վերացնել։ Հիմա եկել է ժամանակը, և մենք գնալու ենք այդ ուղղությամբ»,-շեշտեց նախագահը՝ ողջունելով ՀՀ կառավարության գործունեությունը։
Վահագն Խաչատուրյանը ՀՀ քաղաքացիներին հորդորեց վստահել իշխանության գործողություններին և չտրվել այն սադրանքներին, որոնք շատ դեպքերում նպատակ ունեն նրանց զգացմունքների վրա խաղալ և իրականություն չեն պարունակում։