168.am-ը գրում է․

Քիչ առաջ փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ մի քաղաքացու Շենգավիթի քննչականից տեղափոխում են շտապօգնության մեքենա։ Փաստաբանը տեսանյութին կից գրել էր, որ քաղաքացուն քննչականում խոշտանգել են, նրա ինքնազգողությունը վատացել է։

168.am հետ զրույցում Վահան Հովհաննիսյանը մանրամասնեց՝ հանցագործություն է կատարվել, որի առնչությամբ անձին կանչել են քննչական՝ վկայի կարգավիճակով, որպեսզի հարցաքննեն։

   

«Ես անձի հետ գնում եմ, նա սովորական վկա է՝ ոչ մեղադրյալ է, ոչ կասկածյալ։ Հարցաքննությունից հետո փորձում են նրա հագուստներն առգրավել, վկան ասում է, որ օգտվում է իր լռելու իրավունքից, այն, ինչն իրենից առգրավելու են, կարող է իր դեմ օգտագործվել, և իրավունք ունի չտալու։

Քննիչը կանչում է օպերների, Շենգավիթի քրեականի պետին, փորձում են նրան ձեռնաշղթաներ հագցնել, որից հետո իմ աչքի առաջ նրան գցում են գետնին, ոտքը դնում են գլխին, այնպես, որ ներքնաշորերը վրայից հանում են։ Ոտքը դնում են գլխին, ձեռքերը ոլորում են, գլուխը հարվածում են այստեղ ու այնտեղ՝ մի 20 րոպե։

Մարդու իքնազգացողությունը վատացավ, մի քանի անգամ հորդորեցի՝ բժիշկ կանչեն։ Մի քանի անգամ ասելուց հետո միայն բժիշկ են կանչում, նրա մոտ արձանագրվում է  առողջական վիճակի ծանր վատթարացում, ընդ որում՝ նրա վրա բազմաթիվ մարմնական վնասվածքներ կան»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։

Փաստաբանը նաև փոխանցեց, որ նշված անձին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ եթե տեղի ունեցածին իրավական գնահատական չտրվի, ապա բոլորի հետ քննչականներում նույն կերպ են վարվելու, և սա դառնալու է նախադեպ։

«Իրենք այս խոշտանգումն արդարացնում են, ասում են՝ մենք իրավունք ունենք այսպես անելու։ Մեր քրեական դատավարությունն այնպես են սղացրել՝ ի հակառակ բոլոր միջազգային նորմերի, որ քննիչին ասում են, որ հարկադրաբար կարող եք վերցնել, բայց սա չի նշանակում, որ կարող են անձին խոշտանգել։ Մարդու գցում են գետնին, ոտքը դնում են նրա գլխին, պատկերացնո՞ւմ եք՝ սա ի՞նչ է։ Հետևողական եմ լինելու որ սա ստանա իր իրավական գնահատականը»,- եզրափակեց Վահան Հովհաննիսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել