Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանին դատապարտեց 1 տարվա ազատազրկման։
Քանի որ Մալյանն այս ընթացքում գտնվել է կալանքի մեջ, վերջնական պատիժ նշանակվեց հինգ ամիս 7 օրը։
Նշենք, որ բացի այդ, Նարեկ Մալյանից կբռնագանձվի 108 ու 198 հազարական դրամ։
Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 20-ին, ապա՝ կալանավորվել։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
Ըստ մեղադրանքի՝ նա հասարակության լայն զանգվածներին հասանելի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անհատական էջի միջոցով 2023թվականի սեպտեմբերի 19-ին «ուղիղ եթեր» հեռարձակման միջոցով, հարապարակել է տեսաձայնագրություն, որում փաստացի լուսաբանելով տվյալ պահին Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները՝ հանդես է եկել ՀՀ-ում գրանցված եւ գործող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների թվից կուսակցության առաջնորդին սատարող անդամների հասցեին որակող բնույթի հայհոյանքներ տալու եւ նրանց հարազատների նկատմամբ քողարկված վիրավորական արտահայտություններ կատարելու հրապարակային խոսքով՝ այդ կերպ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ քարոզելով եւ հրահրելով ատելությու ու անհանդուրժողականություն անձանց հիշյալ խմբի նկատմամբ՝ միաժամանակ հանձն առնելով պարզել եւ տրամադրել վերջիններիս, նրանց հարազատների տվյալներն ու բնակության հասցեները, ինչպես նաեւ առաջնորդել՝ որոշակի գործողությունները կատարելու համար, որպիսի հրապարակային խոսքի փաստական իմաստն ընկալվել է մի շարք հասցեատերերի կողմից, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ նրա առանձին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու առաջարկներով մեկնաբանություններ են թողել վերը նշված տեսաձայնագրության ներքո: