News.am-ը գրում է.

Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝  իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար: Նրա թեկնածությունն առաջադրել են մի շարք հեղինակավոր անձինք, որոնցից թվում նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր կա:

NEWS.am-ի արտերկրի աղբյուրներից ստացված այս լուրը հաստատեցին նաև Ռուբեն Վարդանյանի գրասենյակից: «Հեղինակավոր անձանց կողմից Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է այդ բարձր մրցանակին՝ շուրջ հինգ տասնյակի հասնող նոր և աննախադեպ կրթական, բարեգործական, գիտական և մարդասիրական կառույցների ստեղծման ու օժանդակման համար ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք երկրներում: Առաջադրողները տպավորիչ և միջազգային գնահատականի արժանի են համարել Ռուբեն Վարդանյանի՝ որպես մարդասերի և բարերարի կերպարը և նրա հետևողական ջանքերը՝ ուղղված անգամ պատերազմների ու դրանց սպառնալիքի,  ֆինանսական և քաղաքական ճգնաժամերի  ընթացքում մարդասիրական, բարեգործական  ու սոցիալական ծրագրերի միջոցով երկարատև կայունության ու զարգացման գործիքների ներդրմանը:

Այդ համատեքստում մասնավորապես հիշատակվել է նրա գործունեությունը շրջափակված Արցախում, որտեղ Ռուբեն Վարդանյանը մեծ ջանքեր է ներդրել ՝ փորձելով ոչ միայն մեղմել մարդասիրական ծանր կարիքները, այլև դժվարին վիճակում հայտնված մարդկանց ու երեխաների կենսական պայմանների բարելավման հնարավորություններ ստեղծել:

Գնահատելի է համարվել այն, որ Ռուբեն Վարդանյանի բարեգործությունն ընդգրկում է ոչ միայն ազգային, այլև միջազգային մակարդակները և  գլոբալ ազդեցություն ու նշանակություն ունի: Նրա  հեղինակային խոշոր  նախագծերից մեկը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուղղված է աշխարհի բոլոր անկյուններում, բոլոր մայրցամաքներում օգնելու և ձեռք մեկնելու  բոլոր նրանց, ովքեր վտանգելով սեփական կյանքը բարիք են գործում: Վարդանյանին առաջադրման ներկայացված հարգարժան անձանց նամակում կարևոր է  համարվում նաև այն,  որ նա հարգալից է եղել ոչ միայն իր ժողովրդի, կրոնի, այլև այլոց ժառանգության նկատմամբ. որպես դրա վառ օրինակ նշվում է Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ վերանորոգված Շուշիի իրանական մզկիթը»,- News.am-ին հայտնեցին Ռուբեն Վարդանյանի գրասենյակից:

Նշենք, որ Հայաստանում Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացվել են մի շարք խոշոր նախագծեր: Դրանց թվում է, օրինակ, «Տաթևի վերածնունդ»-ը, որի շրջանակում կառուցվել է աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին՝ «ՏաԹևեր»-ը, վերականգնվել է  Տաթևի վանական համալիրը,  զարգացման հնարավորություններ են ստեղծվել հարակից համայնքների համար:

Խոշոր նախագծերից է նաև Հայաստանում UWC Դիլիջան քոլեջի հիմնումը, որը  United World Colleges՝  «Աշխարհի միացյալ քոլեջներ» ցանցի՝ աշխարհում գտնվող  18 քոլեջներից մեկն է։ Այն ցանցի առաջին քոլեջն է հետխորհրդային տարածքում:

Գրասենյակից հայտնեցին, որ Ռուբեն Վարդանյանը, իր գործընկերների հետ համատեղ, ընդհանուր առմամբ շուրջ 700 նախագիծ է իրականացրել Հայաստանում, Արցախում և հայկական աշխարհում` ներդրումներ անելով մարդասիրության, կրթության,  պատմամշակութային ժառանգության պահպանության, զբոսաշրջության ու ենթակառուցվածքների զարգացման և  մի շարք այլ ոլորտներում:

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը հայտարարեց Արցախի Հանրապետություն տեղափոխվելու մասին։ Որոշ ժամանակ անց՝ 2022թ. նոյեմբերի  4-ին նա ստանձնեց Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը:

2023թ. փետրվարի 23 -ին Ռուբեն Վարդանյանին ազատեցին պետնախարարի պաշտոնից, բայց նա շարունակեց մնալ Արցախում և իր հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» գործակալության միջոցով բարեգործական ու սոցիալական մի շարք ծրագրեր  իրականացնել՝  ուղղված ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող բնակչության առողջապահական ու կենսական այլ կարիքների մեղմմանը: Այդ ընթացքում մասնավորապես ձեռք է բերվել էլեկտրամոբիլ՝  դիզվառելիքի և բենզինի իսպառ բացակայության պայմաններում հղի կանանց հիվանդանոց տեղափոխելու համար, բացվել է երկու սոցիալական-բարեգործական ճաշարան: 

Նա  շրջափակման մեջ գտնվող արցախցիների կողքին գտնվել է  մինչև վերջ և, 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններից հետո, արցախցիների հետ միասին ստիպված է եղել լքել Ստեփանակերտը՝ շարժվելով դեպի Հայաստան:  2023 թվականի սեպտեմբերի 27-ին, Հայաստանի սահմանի մոտ, Հակարի կամրջի անցակետում Վարդանյանն ապօրինաբար կալանավորվել է Ադրբեջանի կողմից և մինչ օրս գտնվում է Բաքվի բանտում:

Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից նրան առաջադրվել են ակնհայտ շինծու մեղադրանքներ: Նոբելյան Խաղաղության մրցանակի ներկայացված մարդասերն ու բարերարը մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ ահաբեկչության ֆինանսավորում, ապօրինի զինված խմբավորումների ստեղծում և սահմանի ապօրինի հատում: Նրան սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել