ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում անցկացվել է հետազոտություն «Սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» թեմայով՝ պարզելու այս խնդրի խորացվածության աստիճանը մեր երկրում:
Քանակական հարցման մեջ ընդգրկված 1899 կանանց ճնշող մեծամասնությունը` 1742 (91.7%) նշել են, որ տեղյակ են նախածննդյան փուլում պտղի սեռի որոշման հնարավորության մասին:
Այն հարցին, թե ախտորոշման ինչպիսի մեթոդների մասին կարող են նշել, հարցվածների 88.9%-ը նշել է գերձայնային հետազոտության, 1.5%-ը` ամնիոցենտեզ (ջրաթաղանթահատում), 15.9%-ը` ավանդական մեթոդների մասին:
Հատկանշական է, որ ախտորոշման այդ մեթոդների ինֆորմացիայի աղբյուրի մասին հարցին պատասխանած 1742 կանանցից միայն 45.2%-ի համար են ինֆորմացիայի աղբյուր եղել բուժհիմն արկները: Մնացած 54.8%-ը ինֆորմացիան ստացել է տարբեր աղբյուրներից, մասնավորապես` ընկերներից (36.8%), ծնողներից (10.0%), ԶԼՄ-ներից (4.7%): Փոքր թիվ են կազմում այն կանայք, ովքեր որպես ինֆորմացիայի աղբյուր նշել են սկեսրոջը (2.3%) և ամուսնուն (0.8%):
Համարյա բոլոր հարցվածները բավարար չափով իրազեկված էին տվյալ մեթոդով հետազոտման վայրի մասին: Հարցվածների 34.3%-ը նշել է պոլիկլինիկան, 32.5%-ը` գերձայնային ախտորոշման ծառայությունները, 28.1%-ը` ծննդատունը, 5.2%-ը` պտղի սեռը որոշելու այլ վայրեր:
Նախածննդյան փուլում երեխայի սեռը որոշելու վայրի մատչելիության վերաբերյալ հարցին ի պատասխան կանանց մեծամասնությունը (66.9%) հետազոտման վայրը համարել է մատչելի, անմատչելի են համարել 7.4%-ը, այդ մասին ինֆորմացիա չի ունեցել յուրաքանչյուր չորրորդ հարցվածը (25.7%):
Չնայած բարձր իրազեկմանը, վերջին 5 տարիների ընթացքում նախածննդյան փուլում երեխայի սեռը որոշելու մեթոդից օգտվել էր 420 կին (22,1%), մեթոդից չէր օգտվել հարցվածների ճնշող մեծամասնությունը (77.9%):
Երեխայի սեռը որոշելու նպատակով կանանց 38.4%-ը դիմել է պոլիկլինիկա, 29%-ը` գերձայնային ախտորոշման ծառայություն, 27.9%-ը ծննդատուն: Փոքր թիվ էին կազմում ախտորոշման կենտրոն կամ այլ վայր դիմած կանայք, համապատասխանաբար 2.9% և 1.8%:
Սեփական անձին և առողջությանը վերաբերող հարցերում որոշման կայացմանն առնչվող տվյալների վերլուծությունը հուսադրող է այն առումով, որ հետազոտության դիմած կանանց ճնշող մեծամասնությունը (68.4%) այդ քայլն արել է սեփական որոշմամբ ու նախաձեռնությամբ: Համարյա հավասար հաճախականությամբ կնոջը հետազոտության են ուղղորդել ամուսինը/զուգընկերը (11.6%), սկեսուրը (9.7%), մայրը (8.1%):Համաձայն ուսումասիրության տվյալների` հղիության ժամկետը, որի ընթացքում կատարվել է գերձայնային հետազոտություն սեռը որոշելու նպատակով, տատանվել է շատ մեծ սահմաններում` 2-36 շաբաթ, կազմելով միջինը 14.93 շաբաթ: Ի դեպ, պտղի սեռի որոշման ամենավաղ ժամետը 13-14 շաբաթական հղիության շրջանն է: Հետազոտության արդյունքներով` սեռը որոշելու համար հետազոտված յուրաքանչյուր երկրորդ հղիի մոտ (48.5%) հայտնաբերվել է տղա, 38.8%-ի դեպքում` աղջիկ, 53-ի (12.7%) մոտ սեռը հստակ պարզել չի հաջողվել:
Պտղի սեռը պարզելուց հետո էական տարբերություններ հղիների և նրանց ամուսինների կողմից հղիության շարունակման հարցում չի արձանագրվել:
Կանանց և նրանց ամուսինների/զուգընկերների ճնշող մեծամասնությունը համապատասխանաբար 95.5% և 90.8% ցանկացել են ունենալ տվյալ սեռի երեխա, չեն ցանկացել ունենալ միայն կանանց 3.6%-ը և տղամարդկանց 4.2%, իսկ համապատասխանաբար 0,9%-ը և 5.0%-ը չեն կողմն որոշվել:
Ընտանիքի որոշումը ավելի մոտ է եղել ամուսինների/զուգընկերների կարծիքին: Ընտանիքը 333 (90.9%) դեպքերում ցանկացել է ունենալ տվյալ սեռի երեխա, 13 (3.4%)- չեն ցանկացել, իսկ 18 (5.0%)-չեն կողմն որոշվել այդ հարցում:
Հղիության ելքը երեխայի սեռը որոշելուց հետո
Երեխայի սեռը որոշելուց հետո 420 կանանց ճնշող մեծամասնությունը` 397 (94.5%), շարունակել է հղիությունը, իսկ 23-ը (5.5%) դիմել է հղիության արհեստական ընդհատման: Այսպիսով, հետազոտության տվյալները վկայում են, որ 2830 տնային տնտեսություններում հայտնաբերված 2925 վերարտադրողական տարիքի (15-49) կանանց 0.8 %-ը (23) վերջին 5 տարիների ընթացքում ընդհատել են հղիությունը՝ պայմանավորված պտղի սեռի անցանկանալի լինելու հանգամանքով: Քանի որ հետազոտության տվյալները ներկայացուցչական են հանրապետության կտրվածքով, դա հիմք է տալիս ենթադրելու, որ Հայաստանի մոտ 900. 000 վերարտադրողական տարիքի կանանց 0.8%-ը վերջին 5 տարիների ընթացքում կատարել են սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում:
Հղիության ընդհատման որոշում կայացրած 23 կանանցից 19-ը (82.6%) որոշումը կայացրել է ինքնուրույն: Ամուսնու/զուգընկերոջ կողմից որոշումը կայացվել է 18.4%-ի դեպքում:
Հղիության ընդհատման վայրի վերլուծությունը ցույց տվեց, որ հղիության արհեստական ընդհատման դիմած կանանց ճնշող մեծամասնությունը (83.7%) հղիությունը ընդհատել է ծննդատանը: Անհանգստացնող է, որ 4 կին հղիությունը ընդհատել է դեղորայքային աբորտի միջոցով տանը, առանց բժիշկների մասնակցության: