Այժմ, երբ պարզ է, որ Վիլնյուսում Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման ու Խորը և համապարփակ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրերը, գնալով ավելի ակտուալ է դառնում Ասսոցացման լոկոմոտիվ հանդիսացող «Արևելյան գործընկերություն» ծրագրում մնալու նպատակահարմարության հարցը: Այժմ, քաղաքագետների ու հասարակական դաշտի ակտիվ ներկայացուցիչների երկու հիմնական ճամբար գոյություն ունի, որոնցից մեկը համարում է, որ Հայաստանը պետք է օր առաջ դուրս գա այդ ծրագրից, իսկ մյուս կողմն էլ համարում է, որ մենք պետք է հնարավորինս երկար մնանք այդ ծրագրում, մինչև եվրոպացիներն իրենք կորոշեն Հայաստանին դուրս հրավիրել այդ ծրագրից:
Այսինքն, մեծ հաշվով կարելի է փաստել, որ երկու կողմերն էլ համաձայն են մի բանում՝ Հայաստանն այսպես, թե այնպես չի մնալու «Արևելյան գործընկերություն» ծրագրի մեջ, պարզապես ողջ հարցը նրանում է, թե Հայաստանն ինքնուրո՞ւյն կհանգի ծրագրից դուրս գալու որոշմանը, թե՞ մեզ կոպիտ ասած կվռնդեն այդ ծրագրից: Հարցը դիտարկելու համար կիրառական է երկու տրամաբանական գիծ, որոնցից յուրաքանչյուրն էլ ունի իր ուժեղ ու թույլ կողմերը:
Մի կողմից, կարելի է առաջնորդվել ազգային արժանապատվությունով և չսպասել, մինչ մեզ վռնդեն: Առավել ևս, որ ծրագրի մեջ մնալը իմաստը կորցնում է, հաշվի առնելով մեր դեկլարացրած արտաքին քաղաքական ուղղվածությունը: Ասել է թե, ի՞նչ իմաստ ունի մնալ մի ծրագրում, որի առաքելությունը ավելի խորը եվրոինտեգրումն է, եթե մեր երկիրը մտնում է մեկ այլ կառույցի մեջ, որը ԵՄ-ի մրցակիցն է և ոչ միայն տնտեսական հարցերում: Այս կերպով կարելի է նաև ազատվել կոմպլեմենտարիզմի խարանից, որը մեզ հետևում է տարիներ շարունակ ու վերադառնալ հստակ դիրքորոշումներով առաջնորդվող արտաքին քաղաքականությանը: Ամեն դեպքում, մեր արտաքին վարկանիշի համար այդքան էլ լավ չի լինի, եթե մենք մնանք ինչ որ մի կառույցում որտեղ մեզ ուրախ չեն ու մի գեղեցիկ օր կարող են պարզապես դուրս հրավիրել, իբրև անկոչ հյուրի:
Կա նաև այլ մոտեցում, որը ավելի քիչ զգացմունքային է ու ավելի շատ է հագեցած պրագմատիզմի ոգով: Պետք է հաշվի առնել, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ լինելը ոչ միայն սիմվոլիկ գործառույթ է, այլև կոնկրետ նյութական ու այլ տիպի դիվիդենտներ բերող միջավայրում լինելու հնարավորություն: Ընդ որում, պարտադիր էլ չէ դիտարկել հարցի միայն ֆինանասական ասպեկտը: «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ լինելը դեռ չի խոսում այն բանի մասին, որ Հայաստանը հստակ ու այլընտրանք չունեցող եվրոպամետ քաղաքական ուղղվածություն է վերցրել: Ծրագիրը ըստ էության չի էլ խանգարում Մաքսային միության անդամ լինելուն և դա հեշտ է հասկանալ, հաշվի առնելով, որ ծրագրի անդամներ են նաև եվրոպական ստանդարտներից լուսատարիներով հեռու գտնվող Ադրբեջանն ու Մաքսային միության գործող անդամ հանդիսացող Բելառուսը: Բացի դրանից, ծրագրում մնալը կնշանակի, որ մենք չենք վառում բոլոր կամուրջները Եվրոպայի հետ: Համենայն դեպս, եթե կամուրջները վառվեն էլ, ապա դա կլինի ոչ մեր նախաձեռնությամբ:
Ինչպես նշվեց, երկու հայեցակարգերն էլ ունեն իրենց ուժեղ ու թույլ կողմերը, բայց դատելով մեր իշխանությունների ու քաղաքական էլիտայի զգուշավոր արտահայտություններից, կարելի է ենթադրել, որ վերևները հարում են երկրորդ տեսակետին, բայց ամեն ինչ կախված կլինի, թե Հայաստանը որքանով ճկուն կդրսևորի իրեն սցենարներից յուրաքանչյուրում, ինչպես նաև շատ արագ փոփոխվող աշխարհաքաղաքական մթնոլորտից:



