Մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը, հետևել մարտական հրաձգությանը:
Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները խաղարկել են պայմանական մարտական դիրքերի պահպանությունից պաշտպանության անցնելու մի շարք սցենարներ, կիրառել տարբեր զինատեսակներ՝ բնագիծն անխոցելի դարձնելու նպատակով:
Պաշտպանության նախարարը և ԶՈՒ բարձրագույն սպայակազմը զորախաղին հետևել են նաև տարատեսակ ԱԹՍ-ների նկարահանումների միջոցով:
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին, ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր:
Նախարարն ընդգծել է ռազմարդյունաբերողների հետ ամենօրյա աշխատանքի կարևորությունը՝ զինված ուժերը նորարար և արդյունավետ զինատեսակներով համալրելու համար:
Ավելի ուշ պաշտպանական գերատեսչության ղեկավարն օպերատիվ հավաքների մասնակից սպայակազմի հետ քննարկել է այս շաբաթ իրականացված համալիր միջոցառումները, ամփոփել քառօրյա հավաքները և տվել համապատասխան հանձնարարականներ:
Այնուհետև նախարար Պապիկյանը զորավարժարանի մեկ այլ տեղամասում հետևել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների պարապմունքներին: Բարձրաստիճան սպաները ներկայացրել են ակադեմիայի տեսական դասերի ու գործնական պարապմունքների նոր ձևաչափը, որը նպաստելու է անձնակազմի մարտական պատրաստության ամրապնդմանը, արհեստավարժության բարձրացմանը:
Սուրեն Պապիկյանը հետևել է կուրսանտների հրաձգությանը, հանձնարարել է խրախուսել լավագույն արդյունք գրանցած զինծառայողներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmeniaMOD/posts/pfbid035DjuEqi3axLvNGJZAzVnjb5tjBz5qcLrhhqcjS9PaBULwV5e2aJcwTjByjUfWp9dl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել