Armenpress.am-ը գրում է.

Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել:  

«Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան` այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 

- Ադրբեջանական կողմն, անդրադառնալով Հայաստան-ԵՄ-ԱՄՆ սպասվող հանդիպմանը, նշում է, որ այն ներառական չէ, ինչպես նաև կարող է դրդել Հայաստանին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։

- Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել:  

Ինչ վերաբերում է տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու, բանակցային գործընթացում հայկական կողմի կառուցողական չլինելու մասին Ադրբեջանի մեղադրանքներին, թույլ տվեք ևս մեկ անգամ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է  Ադրբեջանի հետ արդեն իսկ համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը, սահմանների սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման: Խոսքը, հիշեցնենք, հետևյալ երեք սկզբունքների մասին է.

ա) Հայաստանը և Ադրբեջանը միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությանը փոխադարձաբար ճանաչում են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, ապա վերահաստատվել է 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ:

բ) Երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացում են Ալմա-Աթայի հռչակագրի հենքի վրա: Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, ապա վերահաստատվել է 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման պիտի ստեղծվի, այլ պետք է գետնի վրա վերարտադրվեն այն սահմանները, որոնք ԽՍՀՄ շրջանակներում դե յուրե գոյություն են ունեցել 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունելու պահին: Սահմանագծի վերարտադրությունից հետո դե յուրե յուրաքանչյուր երկրին պատկանող տարածքները պետք է լինեն այդ երկրի վերահսկողության ներքո: 

գ) Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում՝ դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2023թ. հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Խնդրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունն իր պատրաստակամությունն արտահայտել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը լայն ընդունելություն է գտել միջազգային հանրության կողմից:

Ցավոք, ադրբեջանական կողմը տարբեր արհեստածին պատրվակներով ձգձգում և խաթարում է խաղաղության գործընթացը, այդ թվում շարունակաբար մերժելով ԵՄ և ԱՄՆ կողմից արվող միջնորդական առաջարկները։ Ներառականության վերաբերյալ դժգոհելու փոխարեն Ադրբեջանը կարող է ի վերջո ընդունել ԱԳ նախարարների մակարդակով Վաշինգտոնում, իսկ երկրների ղեկավարների մակարդակով Բրյուսելում հանդիպելու առաջարկները։ Տեղին է թերևս նաև հիշատակել Ադրբեջանի կողմից շարունակվող գործողությունները, տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու, ներառականության սկզբունքն ամեն կերպ խաթարելու ջանքերը, ինչի վառ օրինակ է Սևծովյան ստորջրյա էլեկտրական մալուխ ծրագրին Հայաստանի մասնակցության խոչընդոտումը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել