Պաշտոնական այցով Մոնտեվիդեոյում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ժամանակավոր փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի և Սենատորների Պալատի նախագահի պաշտոնակատար Գրասիելա Բիանչի Պոլիի հետ:
Հանդիպմանը ներկա էին նաև Ուրուգվայի առողջապահության փոխնախարար Խոսե Լուիս Սանջյանը և Ուրուգվայի խորհրդարանում հայ-ուրուգվայական բարեկամական խմբի անդամ Պեդրո Խիսդոնյանը:
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը, որի լավագույն դրսևորումներից են վերջին շրջանի բարձրաստիճան այցերը, ինչպես նաև երկու երկրների մայրաքաղաքներում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Մոնտեվիդեոյում դեսպանության բացումը միտված է ավելի խորացնել մեծ համակրանքի ու վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները, ինչը մեծապես ողջունվել է Ուրուգվայի գործընկերների կողմից:
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի խորհրդարանին՝ Հայաստանի համար առաջնահերթություն ներկայացնող հարցերի շուրջ սկզբունքային դիրքորոշման համար, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի հարձակման ու ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականության առնչությամբ:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները և ՀՀ հետևողական մոտեցումներն առանցքային հարցերի շուրջ՝ շեշտելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքներին հավատարմության կարևորությունը։ Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի շուրջ քննարկումներին, որի համար իրավական հիմք պետք է լինի 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել