Այսօր՝ մարտի 20-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է երեկ՝ մարտ 19-ին, Արմավիրի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը՝ «LADA Priora»-ի վարորդը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչութան Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նշված ավտովթարի հետևանքով երեկ մահացած քաղաքացիների, ինչպես նաև «Lexus»-ի և «LADA Priora»-ի վարորդների ինքնությունը:

Պարզվել է, որ «Lexus»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Բաբկեն Սարոյանը, իսկ «LADA Priora»-ն՝ Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ 34-ամյա Տիգրան Մարգարյանը:

Երեկ մահացել էին Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչներ 39-ամյա Զոհրաբ Գասպարյանը,  35-ամյա Իշխան Արսենյանը և 38-ամյա Խաչատուր Մարգարյանը: Վերջիններս աշխատանքից վերադառնում էին գյուղ, երբ «Lexus»-ը դեպի Երևան ընթանալիս անցնում է բաժանարար գոտին, կոտրում 2 ծառ և բախվում դեպի Արմավիր ընթացող «LADA Priora»-ին:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 19-ին, ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում բախվել են «Lexus» և «LADA Priora» մակնիշի ավտոմեքենաները:Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ էր ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վիրավորներից 3-ը, գիտակցության չգալով, մահացել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել