Hraparak.am-ը գրում է․

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը տարիներ շարունակ եղել է Երեւանի ամենապահանջված ու սիրված թատրոններից մեկը, սակայն իշխանություններն այս թատրոնից եւս վրեժ լուծեցին՝ չներելով գեղղեկավար Մհեր Մկրտչյանի քննադատություններն ու «Իշխանություն» ֆիլմերը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանին աշխատանքից ազատելուց հետո ցանկանում էին այստեղ բերել իշխանական հայացքներ ունեցող Սոս Ջանիբեկյանին, սակայն կոլեկտիվն ընդվզեց, եւ Ջանիբեկյանը հրաժարվեց պաշտոնից:

Շուրջ մեկ տարվա փնտրտուքներից հետո ոմն Տաթեւ Մելքոնյան, ով ընթերցողին առավել հայտնի է «Սուպեր մամա 2» ֆիլմից ու հայկական հեռուստասերիալներից, նշանակվել է տնօրեն, բայց թե ինչ կապ ունի այս թատրոնի հետ՝ որեւէ մեկին հայտնի չէ: Օրեր առաջ Մհեր Մկրտչյանն իր էջում գրառում էր կատարել, թե դատարանը վճռել է իրեն գեղղեկի պաշտոնից հեռացնելու որոշումն անվավեր ճանաչել, սակայն չվերականգնել նույն պաշտոնում: Թատրոնի արդեն նախկին դերասան Լեւս Դավթյանն էլ, ով «Իշխանություն» ֆիլմում մարմնավորում է Նիկոլ Փաշինյանի կերպարը, «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ փետրվարի 1-ից ինքն ու դերասանուհի Անի Ղազարյանն իրենց դիմումների համաձայն հեռացել են թատրոնից: Դավթյանը նշում է, որ իրեն թատրոն է ընդունել Մհեր Մկրտչյանը, եւ նրա հեռանալուց հետո իր աշխատելը բարոյական չէր լինի: Վերջերս Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում վերանորոգման աշխատանքներն ավարտվել են: 

Թատրոնի նորանշանակ տնօրեն Տաթեւ Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռեւս թատրոնում ներկայացումներ չեն բեմադրվում, թե ինչու` ասաց. «Այս պահին ներկայացումներ չկան, հիմա չեմ կարող ասել` երբ կլինեն»: Եթե նորոգումն ավարտվել է, ի՞նչն է խնդիրը, որ ներկայացումներ չեն բեմադրվում, գուցե պատճառն այն է, որ թատրոնի դերասաններից շատերը լքել են թատրոնը, եւ արդյունքում դերասանների պակա՞ս կա։ «Ես ինչո՞ւ պետք է հիմա այդ մասին պատմեմ: Երբ թատրոնի խաղացանկը լինի, այն ժամանակ էլ կարող եք թատրոն հաճախել»,- նշեց տնօրենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել