«Հրապարակ» թերթը գրում է․ «Նորություն չէ, որ Փաշինյանի իշխանությունը, որը ժամանակին խոստանում էր ամենաբացն ու ամենաթափանցիկը լինել բոլոր իշխանություններից, գաղտնիության շղարշով է պատել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ շփումներին վերաբերող ամեն ինչ։ Իրենց թուրք ու ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների բովանդակության ու Հայաստանին առաջադրված նոր պահանջների մասին հայ հասարակությունը ոչ թե առաջին ձեռքից՝ սեփական իշխանությունից է իմանում, այլ, որքան էլ ցավալի հնչի, թուրքական կամ ադրբեջանական աղբյուրներից։

Նախօրեին պատմագիտության թեկնածու, թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր տելեգրամյան ալիքում գրել էր, որ Թուրքիայի մերձիշխանական Türkiye Gazetesi օրաթերթը մանրամասներ է հրապարակել Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ տեղի ունեցած հայ-թուրքական բանակցություններից։ Ըստ թերթի աղբյուրի՝ Սերդար Քըլըչի գլխավորած թուրքական պատվիրակությունը ՀՀ ներկայացուցիչներին առաջարկել է Սյունիքի մարզին (Զանգեզուրին) տալ հատուկ կարգավիճակ` այնպիսի մոդելով, ինչպիսին ունի «Ռուսաստանին կապված, բայց միաժամանակ ինքնավար մարզի կարգավիճակով հանդես եկող Կալինինգրադը»։ Թուրքական մամուլով արտահոսած այս կցկտուր տեղեկությունը թուրքական ախորժակի ու Սյունիքի գլխին կախված իրական սպառնալիքի հերթական վկայությունն է։

«Այս լուրի համատեքստում հասկանալի է դառնում «Արեւմտյան Զանգեզուրի» մասին թուրք-ադրբեջանական քարոզչությունը. առաջիկայում հավանական է, որ ադրբեջանցիների բնակեցումն ապահովելուց հետո Սյունիքը պոկելու համար առաջարկվի Սյունիքի հատուկ կարգավիճակ՝ Թուրքիայի վերահսկողության ներքո։ Սա նման է Նախիջեւանի ճակատագրին»,- ահազանգում է թուրքագետը։
Թուրքերն ուզում են Սյունիքը կտրել Հայաստանից, ու Կալինինգրադի մարզի օրինակը մեջտեղ բերելը պատահական չէ։ Թեեւ Կալինինգրադի մարզը ՌԴ կազմում ինքնավար մարզի կարգավիճակ չունի, ինչպես թուրքական աղբյուրն է նշում, բայց նրա փաստացի կարգավիճակը յուրահատուկ է նրանով, որ մարզը Ռուսաստանի մայր տարածքի հետ ընդհանուր սահման ու ցամաքային կապ չունի, կապվում է ծովով։ Կիսաէքսկլավային մարզը Ռուսաստանից բաժանված է Լիտվայով եւ Լեհաստանով։

Կովկասագետ Կարեն Իգիթյանը բացատրում է՝ եթե այդ օրինակն է բերում թուրքական կողմը, նշանակում է՝  Սյունիքը կամ նրա մի մասը Հայաստանից կտրելու նպատակ կա։ «Կալինինգրադը Ռուսաստանի մնացած տարածքից կտրված է, գուցե թուրքերը ցանկանում են, որ տարածքային առումով Սյունիքն էլ Հայաստանի մնացած տարածքից կտրված լինի։ Սա առաջին հանգամանքն է։ Երկրորդը․ թուրքական կողմը նոր թեմա է շրջանառում, որ Հայաստանի մարզերից մեկն այլ կարգավիճակ կարող է ունենալ, հետո խոսք կգնա, ասենք, այդ մարզի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին»,- «Հրապարակ»-ին ասում է Իգիթյանը՝ հիշեցնելով, թե ինչ եղավ Արցախի հետ, երբ Փաշինյանը որոշեց իջեցնել նրա կարգավիճակի նշաձողը։ Ի՞նչն է խանգարելու Փաշինյանին՝ նույնն անել Սյունիքի հետ։

Արդյո՞ք թուրքական կողմն Անթալիայում Սյունիքի մարզին հատուկ կարգավիճակ տալու վերաբերյալ առաջարկ է ուղղել հայ գործընկերներին։ Եղե՞լ է նման քննարկում, եւ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը։ Այս հարցերն ուղղել էինք ԱԳՆ խոսնակին։ «Հրապարակ»-ին տրված պատասխանը մշուշոտ է, առնվազն, կտրուկ չի հերքում Անթալիայում ընթացած բանակցությունների վերաբերյալ թուրքական աղբյուրի հրապարակած դետալները։  «Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը հստակ ներկայացվել է, այդ թվում՝ նաեւ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում բոլոր հանդիպումների եւ հարցազրույցների ժամանակ: Դրա հիմքում դրված չորս հայտնի սկզբունքներին հակասող որեւէ մոդել չի կարող լուրջ քննարկման առարկա լինել»,- ասվում է ԱԳՆ պատասխանում։ Եթե անգամ ՀՀ իշխանությունը դեմ է առաջարկին, որի մասին խոսում է թուրքական մամուլը, դատելով այս արձագանքից, այն առնվազն կարող է քննարկման առարկա եղած լինել։

Որ թուրքական կողմը չի պատրաստվում հրաժարվել Սյունիքից, Անկարան ամեն օր է հիշեցնում։ Միայն վերջին 2-3 օրերին միանգամից 3 թուրք պաշտոնյա խոսել է այդ մասին։ ««Զանգեզուրի միջանցքի» բացումը կդառնա թյուրքական աշխարհը միավորող գործոն»,- հայտարարել էր Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Այդ երկրի նախկին վարչապետ, Թյուրքալեզու պետությունների ավագների խորհրդի նախագահ Բինալի Յըլդըրըմն էլ երեկ Բաքվում, ադրբեջանցի լրագրողներին էր ասել, թե «Զանգեզուրի միջանցքը պետք է բաց լինի, իսկ Արարատը վերացվի Հայաստանի  զինանշանի վրայից»։ Երեկ էլ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ շեշտել է, թե ակնկալում է համընդհանուր աջակցություն «Զանգեզուրի նախագծի» ուղղությամբ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել