Pastinfo.am-ը գրում է.
Հայաստանի վարկանիշը միջազգային ներդրողների շրջանում շարունակում է իր հետեւողական անկումը, ինչի հարցում նպատակաուղղված ջանքեր են գործադրել ՀՀ գործող իշխանությունները:
«Փաստինֆո»-ի փոխացմամբ, այսօր արդեն մի շարք խոշոր ընկերություններ հայցեր են ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության։ Դրանց թվում են՝ «Սանիթեք Ինթերնեյշնլ Գրուպ» ընկերությունը, «Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի» ընկերության բաժնետերերից «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն, ԶՊՄԿ-ի 12.5֊%-ի բաժնետեր հանդիսացող Walnort Finance Limited LLC շվեյցարական ընկերությունը։
Նշված ընկերությունների ոլորտային հետաքրքրությունները տարբեր են՝ աղբահանության մշակումից մինչեւ ոսկու եւ մոլիբդենի, պղնձի արդյունահանում, սակայն բոլորն էլ վիճարկում են Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ՀՀ կառավարության գործողությունների իրավաչափությունը կամ հանցավոր անգործությունը, որոնց հետեւանքով միջազգային ներդրողները խոշոր վնասներ են կրել, սակայն չինովնիկների «դուխով» անկոմպետենտության համար վճարելու ենք մենք՝ քաղաքացիներս:
ՀՀ կառավարության դեմ ներդրումային հայց ներկայացնելու մտադրության մասին նշված ընկերություններից առաջինը հայտարարեց «Սանիթեք Ինթերնեյշնլ Գրուպ» ընկերությունը։
2021 թվականի մարտի 29-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «Սանիթեք» ընկերությունն ու վերջինիս բոլոր բաժնետերերը, ովքեր հանդիսանում են օտարերկրյա ներդրողներ, ավարտել են Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված իրենց՝ միջազգային արբիտրաժային դատարան հայցի ներկայացման հաջորդ փուլը: «Օտարերկրյա ներդրողներն արդեն իսկ ներկայացրել են իրենց հայցը միջազգային արբիտրաժային դատարան՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրի 9-րդ հոդվածի («Լիբանան-Հայաստան ներդրումների պաշտպանության համաձայնագիր»), «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանադայի կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագրի 13-րդ հոդվածի («Կանադա-Հայաստան ներդրումների պաշտպանության համաձայնագիր») և «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի լուծման մասին» կոնվենցիայի 36-րդ հոդվածի»,- նշվում է 2021 թվականի մարտի 29-ին ընկերության տարածած հաղորդագրության մեջ, որի հետ պայմանագիրը խզելու մասին Երեւանի քաղաքապետարանը հայտարարել էր 2019 թվականի հոկտեմբերին։
Ներդրումային արբիտրաժային հայցը ներկայացվել է Համաշխարհային բանկի խմբի մաս կազմող Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոն (International Centre for Settlement of Investment Disputes, ICSID), որը գտնվում է Վաշինգտոնում: 2021 թվականի ապրիլի 6-ին հայցը գրանցվել է, իսկ նույն տարվա սեպտեմբերի 27-ին՝ սկսվել են լսումները։
Ընկերությունը պնդում է, որ վեճը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության խտրական և բռնագրավվող (էքսպրոպրիացիա) գործողություններից, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանը չի կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները և, ի վերջո, մինչ կոնցեսիոն պայմանագրերի ժամկետը լրանալը հեռացրել է «Սանիթեք»-ին՝ փոխարինելով պետական աղբահանության ընկերությամբ: «Այս մոտեցումն ուներ քաղաքական դրդապատճառ, որի նպատակն էր «Սանիթեք»-ին դարձնել քավության նոխազ՝ քաղաքական առավելություն ստանալու համար՝ քաղաքապետարանին մեղադրելով աղբահանության ոլորտի ղեկավարման և «Սանիթեք»-ի նկատմամբ վերահսկողության ռազմավարական բացթողումների մեջ»,- պնդում են միջազգային ներդրողները՝ նշելով, որ պետական աղբահանություն իրականացնող ընկերությունը գործունեություն է ծավալում շատ ավելի բարենպաստ պայմաններով, քան այն պայմանները, որոնք տրամադրվել էին «Սանիթեք»-ին. ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի կառավարության վերաբերմունքը օտարերկրյա ներդրողների հանդեպ կամայական է և խտրական:
Արբիտրաժային գործընթացն արդեն մոտենում է ավարտին։ Վերջին լսումները կայացել են 2023թ-֊ի դեկտեմբերին։ «Սանիթեք»-ը միջազգային ատյանում փաստեր է ներկայացրել, որ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների գործողությունների հետեւանքով ընկերությունը խոշոր վնասներ է կրել եւ տարբեր փորձագետների գնահատմամբ՝ խոսքը կարող է գնալ շուրջ 40 մլն դոլարի փոխհատուցման մասին։ ՀՀ կառավարությունը ներգրավել է փաստաբաններ, որոնց, ըստ մեր աղբյուրների, արդեն իսկ վճարվել է 900.000 ԱՄՆ դոլար, սակայն պաշտոնական Երեւանի դիրքերը բավական թույլ են գնահատվում ու մեծ է «Սանիթեք»-ի հաջողության հավանականությունը։ Որոշման հրապարակումն սպասվում է այս տարի։ Իհարկե կառավարությոնը կարող է բողոքարկել պարտությունը «Բողոքարկման կոմիտե» կոչվող ատյանում, բայց դրա արդյունավետությունը հասնում է զրոյի։ Փաստացի ունենք մի իրավիճակ, որը շատ նման է Լիդիանի և Զանգեզուրի հետ կապված գործընթացներին, երբ ինչ-որ մարդիկ Հայաստանում ավելացրին իրենց ունեցվածքը մի քանի միլիոն դոլարով, իսկ դրա դիմաց դատական վեճերի արդյունքում հարկատուների գրպանից գնալու է մի քանի տասնյակ միլիոն դոլար։
«Ամուլսար ինվեսթոր վենչըր»-ն՝ ընդդեմ ՀՀ կառավարության
«Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի»-ն մինչև 2020թ. հուլիս ամիսը հանդիսացել է Լիդիան ընկերությունների խմբի մայր ընկերությունը և տիրապետել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերին։ Սակայն 2020 թվականի հուլիս ամսին զրկվել է Ընկերության բոլոր բաժնետոմսերից։
Ինչպես հայտնի է, հենց այս ընկերությունն էր ձեռք է բերել և ներկայումս էլ ունի Վայոց Ձորի մարզի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը (ընդերքօգտագործման իրավունքը)։ Ավելին՝ արդյունահանումն ապահովելու համար կատարել է մի քանի հարյուր միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում՝ ձեռնարկելով հանքի շահագործմանն ուղղված իրենից կախված բոլոր
գործողությունները։
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո՝ 2018 թվականի հունիսից, Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ճանապարհները փակվել են ակտիվիստների կողմից՝ զրկելով Ընկերությանը հանքը շահագործելու բոլոր հնարավորություններից։ Իսկ նույն տարվա հուլիսին ՀՀ ՔԿ-ն հայտարարեց, որ քրեական գործ է հարուցել ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկություններն, իբր, դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ, իսկ 2021 թվականին հայտարարվեց հարուցված քրեական գործը կարճելու մասին։ Ասել է թե՝ 3 տարի շարունակվեց մտացածին հիմքերով հարուցված քրեական գործի քննությունը, որին զուգահեռ Ոստիկանությունն անտեսեց Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայր տանող ճանապարհների փակումը վերացնելու և ընկերության կողմից ճանապարհների
անխոչընդոտ օգտագործումն ապահովելու պահանջները։
Ընկերությունը 2018 թվականի հունիս ամսից սկսած առ այսօր զրկված է այդ հանքավայրում ընդերքօգտագործման իր իրավունքն իրականացնելու հնարավորությունից։ Միջնորդ դատարանի մշտական պալատում այսօր վիճարկվում են հենց կառավարության գործողությունները, որոնց հետեւանքով, ըստ ներդրողի, կրել է զգալի վնասներ։
Այս ամենի արդյունքում Հայաստանի պատմության մեջ միջազգային բորսայում ցուցակված առաջին բիզնեսի բաժնետերերը (Հայաստանի և տարբեր երկրների ֆիզիկական և իրավաբանական անձինք), որոնք ներդրել էին դրել շուրջ 150 միլիոն ԱՄՆ դոլար, զրկվել են իրենց բաժնետոմսերից, ժողովրդական լեզվով ասած, «գցվել են»։ Իսկ ՀՀ կառավարությունը դրա արդյունքում դարձել է Ընկերության 12,5% բաժնետեր, ինչի մասին հայտարարվեց 2024 թվականի հունվարին։ Միաժամանակ կառավարության նիստում նշվեց, թե թույլատրվել է շահագործումը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։