Նախօրեին իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ պատրաստ են Տավուշի մարզին հարակից «ադրբեջանական» գյուղերը հանձնել «տիրոջը»։ Դրանք, Փաշինյանի ներկայացմամբ, ՀՀ սուվերեն տարածքում չեն` 1992-94 թվականների պատերազմի արդյունքում են անցել հայկական վերահսկողության տակ։ Փաշինյանի հայտարարություններից նաեւ պարզ դարձավ, որ դա լինելու է միակողմանի զիջում, թեպետ փորձեց ներկայացնել, թե դեմարկացիոն-դելիմիտացիոն գործընթացը սկսում են Տավուշից, բայց ոչ մի երաշխիք չտվեց, որ Ադրբեջանը կհամաձայնի նույն սկզբունքով շարունակել դելիմիտացիան նաեւ սահմանի մյուս հատվածներում եւ դուրս կգա Հայաստանից զավթած տարածքներից:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիեւ, Վլադիմիր Պուտին հայտարարության առաջին տեքստում, որը հրապարակվեց լրատվամիջոցներում, հստակ նշվում էր, որ հայկական ուժերը պետք է դուրս գան նաեւ Ղազախի շրջանի այն 7 բնակավայրերից, որոնք 1991-1994 թթ․ պատերազմի արդյունքում անցել էին հայկական վերահսկողության տակ: Խոսքը Յուխարը Աքսիպարա, Աշաղը Աքսիպարա, Բաղանիս-Այրում, Բարխուդարլու, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, Սոֆուլու գյուղերի տարածքի մասին է։ Կարճ ժամանակ անց պաշտոնապես հրապարակված հայտարարության մեջ այլեւս չկար այդ մասին որեւէ խոսք: Նիկոլ Փաշինյանը հետագայում անգամ հերոսանալու փորձեր արեց՝ հայտարարելով, թե ԳՇ ներկայացուցիչներն իրեն հորդորել են ստորագրել փաստաթղթի տակ, որը նախատեսում էր Ղազախի շրջանի գյուղերի հանձնում, բայց ինքը չի համաձայնել։ Ի դեպ, ԳՇ այդ շրջանի բարձրաստիճան զինվորականներն այսօր այլեւս հեռացված են բանակից (ԳՇ պետ Օնիկ Գասպարյան, ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյան, ռազմական տեսուչ Մովսես Հակոբյան եւ ուրիշներ)։

Ինչեւէ, այսօր այդ չորս գյուղերի տարածքների առաջնահերթ հանձնման մասին է խոսվում՝ Վերին Ոսկեպար, Բաղանիս-Այրում, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի: Հաջորդիվ, անկասկած, մյուսների հարցը կգա օրակարգ։ Ի՞նչ է լինելու գյուղերը վերադարձնելու դեպքում։

Նախեւառաջ, հայկական զինուժը պետք է հետ քաշվի այդ 4 գյուղերի տարածքից, խոսքը երրորդ բանակային կորպուսի մասին է, որը մշտապես համարվել է ամենամարտունակը ոչ միայն այն պատճառով, որ լավ հրամկազմ է ունեցել. հիշենք, որ այս կորպուսը ղեկավարել են գեներալ Օնիկ Գասպարյանը, գեներալ Գրիգորի Խաչատուրովը, ում թերեւս այս պատճառով էլ իշխանությունը հետապնդումների ենթարկեց, որ ձեռքերն ազատ արձակվեն: Այլեւ այն պատճառով, որ մասնագետները փաստում են՝ երրորդ կորպուսը հակառակորդի նկատմամբ դիրքային բարենպաստ պայմաններում է գտնվում։ Իսկ գյուղերը հանձնելուց հետո ադրբեջանցիներին են զիջելու այդ դիրքերը, եւ մենք հայտնվելու ենք ոչ բարենպաստ վիճակում։

Բացի այդ՝ Վերին Ոսկեպարով են անցնում դեպի Վրաստան գնացող միջպետական ճանապարհը եւ Հայաստան մտնող գազամուղը։ Երեկ անգամ իշխանություններին հարող շրջանակներն էին թվարկում, թե ինչ ահռելի ծախսեր պետք է անի Հայաստանը՝ նոր կոմունիկացիաներ կառուցելու համար: Դիցուք՝ շտապ պետք է կառուցի կամուրջ` Կիրանց-Աճարկուտ հատվածում, գազատարի տեղափոխություն անի դեպի ՀՀ տարածքի խորքը, միջպետական մոտ հինգ կիլոմետրանոց  ճանապարհի կառուցի ՀՀ տարածքում եւ այլն։

Սրանք խնդիրներ են, որոնց լուծումը ոչ միայն ահռելի ֆինանսական միջոցներ, այլեւ ժամանակ է պահանջում։ «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանի գնահատմամբ՝ ցանկացած միջպետական ճանապարհի կառուցման մեկ կիլոմետրի համար, միջին հաշվարկով, առնվազն 5-6 մլն դոլար է պահանջվում, այս դեպքում, մոտավոր հաշվարկով, 5-7 կիլոմետրանոց ճանապարհ պետք է կառուցվի․ «Խոսքը լեռնային տեղանքում կառուցվող ճանապարհի մասին է, իսկ եթե կամուրջ էլ պիտի կառուցվի, բնական է՝ ավելի շատ կարժենա, եթե թունելներ լինեն՝ անհամեմատ ավելի շատ, նայած թե ինչ ճանապարհ են կառուցում: Եթե առաջին կարգի ճանապարհ է կառուցվելու, բոլորովին այլ արժեք կունենա։ Հիմա պատկերացրեք` ընդամենը 21 կմ-անոց ճանապարհի համար, որը պետք է նոր կառուցվի Վրաստանում եւ որը դուրս է գալու Վերին Լարս, բյուջեում նախատեսված է 550 մլն եվրո, այսինքն՝ պետք է հասկանալ, թե ինչ ճանապարհ է կառուցվում, ոնց է կառուցվում»:
Աղաջանյանը շեշտում է, որ խնդիրը միայն այլընտրանքային ճանապարհի կառուցումը չէ, այլեւ դրա անվտանգության հարցի լուծումը․ «Պետք է դրա տեսանելիության հարցը լուծել։ Բավական է՝ մեկ-երկու անգամ կրակեն, էլ ոչ ոք չի գնա այդ ճանապարհով»։ Հարցին՝ ի՞նչ մոտավոր ժամկետներում է հնարավոր 5 կմ-անոց ճանապարհը կառուցել, Աղաջանյանը պատասխանեց․ «Եթե «Հյուսիս-հարավ»-ի տեմպերով պետք է կառուցեն, մեկնաբանելու կարիք, կարծում եմ, չկա, եթե կառուցեն տրամաբանական ժամկետներում․․․ պետք է արագ կառուցեն։ Խնդիրն այն է, թե ինչ ճանապարհ են կառուցելու, քանի որ չգիտենք ծրագիրը, չենք կարող ասել»։

Աղաջանյանը հիշեցրեց նաեւ, որ դեպի Վրաստան գնացող մեկ այլ՝ ավելի կարճ ճանապարհ էլ ունենք, խոսքն Ալավերդիով անցնող ճանապարհի մասին է, որից քիչ են օգտվում, քանի որ անբարեկարգ է եղել եւ տեւական ժամանակ է՝ վերանորոգման ընթացքի մեջ է։ «Կարծում եմ՝ ամիսուկեսում կավարտվի այդ ճանապարհի վերանորոգումը. ամբողջ ճանապարհը վերանորոգված է, միայն Օձունի խաչմերուկի 200-300 մետր հատվածն է մնում։ Ալավերդու ճանապարհը տասը կիլոմետր ավելի կարճ է՝ Երեւանից Բագրատաշեն հաշվարկով, քան Սեւանով գնացող եւ Տավուշով անցնող ճանապարհը։ Եթե վերանորոգման աշխատանքները չլինեն, վստահեցնում եմ՝ ոչ ոք Սեւանի ճանապարհով չի գնա»,- ասում է Աղաջանյանը։

Վերադառնալով սահմանագծման-սահմանազատման գործընթացին, որը, ըստ Փաշինյանի, կարող են մեկնարկել Տավուշից՝ ըստ էության գծելով ՀՀ սահմանը, սահմանադրագետ Գոհար Մելոյանը հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրությունը թույլ է տալիս պետության տարածքային ամբողջականությունը փոխել բացառապես հանրաքվեի միջոցով, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 205 հոդվածի առաջին կետում սեւով սպիտակի վրա գրված է. «Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության վերաբերյալ հարցերը լուծվում են հանրաքվեով»։

Մելոյանի խոսքով՝ Փաշինյանի պնդումները, թե Հայաստանը կադաստրի վկայական չունի, անհիմն են, դրա վկայությունն է նաեւ այն, որ Հայաստանը՝ իր սահմաններով, ճանաչված պետություն է աշխարհի կողմից․ «Հարյուրավոր պետություններ ՀՀ-ն ճանաչել են պետություն, տարածք, մենք ունենք նաեւ վարչատարածքային բաժանման մասին օրենք, որտեղ հստակ նշված են մեր մարզերի ու գյուղերի տարածքները։ Տասնամյակներ շարունակ պատերազմական իրավիճակում գտնվող պետություն ենք, Արցախի հարց ունեինք, ու սրանով են պայմանավորված մի շարք չհստակեցված սահմանային  հարցերը։ Փաշինյանը, այս հանգամանքով պայմանավորված, Արցախի հարցում կարողացավ մանիպուլյացիաներ անել, հիմա անցել է ՀՀ գյուղ հանդիսացող տարածքներին, որոնք վարչատարածքային  բաժանման մասին օրենքով հստակ սահմանված են։ Հետեւաբար, այո, ՀՀ մաս հանդիսացող տարածքների զիջումը պետք է լինի հանրաքվեով»:

Սահմանադրագետը միեւնույն ժամանակ կասկած չունի, որ Փաշինյանն ինչպես նախորդ, այս դեպքում էլ կոտնահարի սահմանադրական նորմերը։ Մելոյանը հիշեցնում է՝ մենք ունենք նաեւ միջազգային պայմանագրերի իրավակարգավորում, մեր Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ ռազմական եւ քաղաքական բնույթի միջազգային փաստաթղթերը ենթակա են ներպետական վավերացման՝ ՍԴ եզրակացություն, վավերացում օրենսդիր մարմնի կողմից, սակայն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եւ դրան հաջորդած նույնաբովանդակ փաստաթղթերը՝ հունվարի 11-ինը, Գրանադան, Պրահան եւ այլն, որոնք, միջազգային տեսության համաձայն, միջազգային պայմանագրեր են, ձեւակերպվել են որպես հայտարարություններ եւ միանձնյա որոշմամբ կյանքի կոչվել։



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/9bb4fd6e4e687a87a41efafbda243574

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել