Hraparak.am-ը գրում է.

Վերջին շրջանում համացանցում լուրեր տարածվեցին, որ ԿԳՄՍ նախարարությունը հերթական հակահայ հանձնարարությունն է ուղարկել ՀՀ դպրոցների տնօրեններին` կրթօջախներից հեռացնել արցախյան պատերազմում զոհված հերոսների փառքի անկյունները։ Ասում են նաեւ, որ շրջաբերականում հանձնարարվել է դա անել հնարավորինս անաղմուկ։ Ի դեպ, լուրեր տարածվեցին, որ զորամասերից եւս հանվում են փառքի անկյունները: Ու չնայած իշխանությունները տարբեր կողմերից հերքում են, թե իրենք հանձնարարականներ չեն իջեցրել` փառքի անկյունները վերացնելու համար, այլ ընդամենը որոշ տեղերում փորձում են միանման ոճ թելադրել, այս թեմայով քննարկումները չեն դադարում:

Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը մեր այն հարցին, թե կա՞ն դպրոցում փառքի անկյուններ, նշեց. «Մեզ մոտ կա հուշատախտակ, որտեղ առկա են հերոսների անունները, կան ազգային անունների նկարներ, բայց այդպես հատուկ փառքի անկյուն մենք չենք ունեցել»: «Համացանցով շատ եմ կարդում, որ հանում են նկարները, բայց ես որեւէ մեկից հրահանգ չեմ ստացել: Մեր դպրոցի պարագայում նման ոչ մի ուղղորդում չի եղել, որ հերոսների նկարները հանվեն»,- ասում է տնօրենը: 

Երեւանի թիվ 96 դպրոցից էլ «Հրապարակի» այն հարցին, թե կա՞ն դպրոցում փառքի անկյուններ, նշեցին. «Մեզ մոտ դասասենյակներում կան, բայց դպրոցի միջանցքում չկա: Մի ժամանակ ունեինք ՆԶՊ-ի կաբինետ` այնտեղ կար, հիմա չկա կաբինետ, այդ մասնաշենքը վերցրել են մեզանից՝ երեք-չորս տարի առաջ»: 

Երեւանի թիվ 78 դպրոցի տնօրենն էլ, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, նշեց. «Մեզ մոտ կան փառքի անկյուններ: Մենք դասասենյակներ ունենք՝ մեր հերոսների անուններով: Մենք ոչ մի հրահանգ որեւէ տեղից չենք ստացել` փառքի անկյունները հեռացնելու պահանջով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել