Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի հատուկ բանագնաց  Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասում իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռուբինյանն այս մասին ասել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ, որին մասնակցում է նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը։ 

«Գաղտնիք չէ, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները հսկայական պատմական կոնտեքստ ունեն, և դա մեր աշխատանքն ավելի հեշտ չի դարձնում։

Այնուամենայնիվ, Հայաստանը պատրաստ է աշխատել՝ հանուն ներկայի և ապագայի։ Ահա թե ինչու 2022 թվականի հուլիսին ես և Սերդար Քըլըչը հրապարակային հայտարարեցինք, որ մենք կբացենք հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Դրանից հետո մենք ավելացրեցինք, որ սահմանը կբացենք նաև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Ավելի ուշ մենք հայտարարեցինք, որ մենք դա կանենք 2023 թվականի ամռանը, դժբախտաբար, դա դեռ տեղի չի ունեցել։ Մեր կողմից մեր բոլոր ենթակառուցվածքները պատրաստ են, և հիմա, եթե Սերդարը համաձայնվի, մենք կարող ենք հայտարարել, որ կյանքի  ենք կոչում այս համաձայնությունը»,- մանրամասնեց նա։

Ռուբինյանը հավելել է, որ հաճախ այս հարցում որոշակի զգայունություն է նկատում երկու կողմից էլ, որը երբեմն էմոցիոնալ բնույթ է հաղորդում գործընթացին թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով։

«Օրինակ, 2023 թվականին պատմական իրադարձություն եղավ, երբ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո 30 տարվա մեջ առաջին անգամ մեր սահմանը բացվեց, որպեսզի Հայաստանից հումանիտար օգնությամբ բեռնատարները կարողանան անցնել սահմանը և հասնել երկրաշարժի գոտի։ Սա ներշնչող է, բայց նաև տխուր փաստ է, որովհետև մենք ողբերգությունների կարիք չունենք, որպեսզի սահման բացենք, մենք չպետք է սահմանը բացենք ողբերգական պատճառներով։ Մենք բաց սահմանների կարիք ունենք երջանկության և բարգավաճման ժամանակ։ Եվ ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու հայ-թուրքական սահմանը պետք է փակ լինի»,- ասաց Ռուբինյանը։

Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները շատ շուտով կիրականացվեն՝ նշելով, որ  դա առաջին քայլը կլինի երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման և հայ-թուրքական սահմանի ամբողջական ապաշրջափակման համար։ «Սա շատ դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասի իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»,- եզրափակեց Ռուբինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել