Հայտարարություն !!!
Հայաստանում բնապահպանական ակտիվիստների, իրավապաշտպանների նկատմամբ հանքարդյունաբերական ընկերությունների կողմից զրպարտության մեղադրանքով քաղաքացիական հայցեր դատարան ներկայացնելու գործընթացը շարունակվում է` ձեռք բերելով նորագույն երանգներ։ Դատարաններ հայցեր ներկայացնելը բնապահպանական ակտիվիստների և իրավապաշտպանների նկատմամբ, արդեն մի քանի անգամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և միջազգային իրավապաշտպան ցանցերը որակել են ճնշման մի ուրույն ձևաչափ, հետապնդում, այն է` դատական գործերով էկո-ակտիվիստներին և հանքարդյունաբերության ազդակիր համայնքների բնակիչներին լռեցնելու փորձ:
Հերթը հասավ ինձ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որը ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերության խմբի ակտիվներին է պատկանում, և որի բաժնետեր է հանդիսանում նաև ՀՀ Կառավարությունը, քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով իմ կողմից հերքում և բռնագանձում 6 000 000 ՀՀ (6 մլն) դրամ (մոտ 14 000 եվրո)։ Նման գործընթացները բնորոշ են միայն ոչ ժողովրդավարական երկրներին և հասարակություններին։ Վստահ եմ՝ Ռուսաստանում ևս, ժամանակին, ազատ խոսքի և ակտիվիստների նկատմամբ ճնշումները մեկնարկել են իրավապաշտպանների նկատմամբ քաղաքացիական հայցեր ներկայացնելով, իսկ հետո և հիմա արդեն քրեական գործերով և մի քանի տարի ազատազրկմամբ։
Առհասարակ, նման գործընթացներն ուժեղացնում են մեզ, վստահ եմ՝ սա այդ դեպքերից է։
Հիշեցնեմ, որ նույն ընկերությունը 2023 թվականին հայց էր ներկայացրել նույն պահանջներով նաև բնապահպանական ակտիվիստ և լրագրող Թեհմինե Ենոքյանի նկատմամբ։
Վստահ եմ, որ քաղաքացիական հասարակությունը և միջազգային հանրությունը կտան իրենց գնահատականը այս գործընթացներին։
Ժողովրդավարությունը և սոցիալական արդարությունը Հայաստանում այլընտրանք չունեն։
Օլեգ Դուլգարյան
29.02.2024
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/oleg.dulgaryan.ccms.org/posts/pfbid036xJmhUHzMJRoaXRipaByzBcjgjErCRkpiJDHCyk6sPDiqG6ncDScHT23JJurx9LCl?locale=hy_AM
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել