Ֆրանսալեզու Agoravox բլոգերային պլատֆորմի միջոցով տարածված տեղեկատվությունը, թե իբր ՀՀ վարչապետի` Փարիզ կատարած այցի ընթացքում համաձայնություն է կայացել ֆրանսիական կողմի հետ փոխանակվել հետախուզական տվյալներով, չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանեց ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը:

«Նշված աղբյուրում անհատները կարող են ազատորեն գրանցվել և հրապարակել իրենց կազմած լուրերը և հոդվածները, որոնք որևէ խմբագրման չեն ենթարկվում, և հետևաբար աղբյուրը չի կարող համարվել վստահելի։

Մասնավորապես հիշատակված նյութը հրապարակվել է «S. Lampion» անհայտ հեղինակի անունով, այնուհետև այն անմիջապես տարածվել X-ի ադրբեջանական էջերում։ Նշվածից ակնհայտ է, որ գործ ունենք Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավի հետ»,-ընդգծեց Ծառուկյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել