ArmLur.am-ը գրում է․
Այսօր հայտնի դարձավ, որ Մոսկվայում «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին։
Իր ձերբակալման մասին հայտնել է հենց ինքը՝ Զեյնալլին, «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակելով տեսանյութ, որտեղ նա պատմում է, թե Բաքու վերադառնալու ճանապարհին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ոստիկաններն իրեն բերման են ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք՝ հավելելով, որ վաղը կկանգնի դատարանի առջև։
Ավելի ուշ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հաստատեց այն տեղեկությունը, որ Քյամիլի նկատմամբ Հայաստանը միջազգային հետախուզում է հայտարարել, իսկ Զեյնալլիի փաստաբանն էլ մանրամասնեց, թե այսօր Մոսկվայում ձերբակալված իր պաշտպանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածներով է միջազգային հետախուզում հայտարարված եղել։ Ըստ այդմ, Զեյնալլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել մարդասպանության, պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունների, վարձկանության և ագրեսիայի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխանաբար 135, 140, 147 և 149 հոդվածների հատկանիշներով։
Նշենք, որ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զեյնալլին 44-օրյա պատերազմի ընթացքում ԼՂ տարածքում իրականացրել է պատերազմի և մարդկության դեմ հանցագործություններ, ինչպես նաև ներգրավված է եղել 2020 թ. հուլիսին ՌԴ տարածքում հայերի դեմ ադրբեջանցիների հարձակումների կազմակերպման և համակարգման մեջ:
Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունն նույնպես ավելի ուշ հաստատեց, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում: