Ձերբակալվել է Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը:

Այս մասին Ոստիկանության դիմաց ասել է Աշոտ Դանիելյանի փաստաբան Ռոման Երիցյանը:

«Տերյան փողոցից դեպի Աբովյան փողոց երթևեկելու ընթացքում, նրա մեքենան դիմացից արգելափակել է քաղաքացիական մի ավտոմեքենա, ընդ որում ճանապարհային երթևեկության կանոնները խստիվ խախտելով, նույն բանը եղել է մեքենայի հետևից, և մոտ 20 դիմակավորված անձ, ֆիզիկական ուժ գործադրելով, փեռնաշղթաներ են հագցրել և նստեցրել իրենց մեքենան:

Այս իրադարձությունները տեղի են ունեցել երեկ մոտավոր 18:10-ի կողմերը: Ժամը 21:00-ին փաստաբանի ժամանելուց յհետո արդեն նրա մեքենան կնիքվել է: Ոստիկանության և Քննչական կոմիտեի պարզաբանմամբ՝ Աշոտ Դանիելյանը կասկածվում է ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու մեջ: Այս կասկածանքով մեղադրում են մի մարդու, ով Սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն է և կյանքում, անգամ, ծխախոտ օգտագործած չկա: Անձնական խուզարկության ընթացքում նրա մոտ թմրանյութի հետ առընչություն ունեցող որևէ իր չի հայտնաբերվել»,- ասել է փաստաբանը:

Նա նշում է, որ իր համար կասկածելի է, թե ինչո՞ւ են նման կերպով ձերբակալել Աշոտ Դանիելյանին, ինչո՞ւ նրա մեքենան դեռ չեն զննել, ինչո՞ւ են մեքենան կնքվել 3 ժամ անց, ինչո՞ւ են նրան ձերբակալել իր իսկ մեքենայով և ինչո՞ւ են տարբեր լրատվամիջոցներ այս ամենը կապում Սամվել Շահրամանյանի հետ:

Ոստիկանությունից հայտնել են, որ այսօր ոստիկանության ծառայողներն ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով քաղաքացու են բերման ենթարկել։

Հիշեցնենք, որ երեկ «Եռաբլուրի» պանթեոնում Սամվել Շահրամանյանի թիկնապահը հայհոյել է 24 News լրատվական կայքի օպերատորին և լրագրողին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել