Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կներկայացնի Սիրիայում քիմիական զենքի կիրառության մասին զեկույցը, բայց դա կլինի զուտ քիմիական զենք կիրառել-չկիրառելու փաստի առնչությամբ զեկույց, որը մատնացույց չի անի մեղավոր կողմի վրա: Մյուս կողմից, Սիրիան արդեն հայտարարել է, որ պատրաստ է միանալ Քիմիական զենքի չտարածման մասին համաձայնագրին և արդեն հնչեցվում է կոնկրետ ժամկետ, մինչև որը Սիրիայի քիմիական զինանոցը կդադարի գոյություն ունենալ՝ 2014 թվականի կեսերը: Թվում է, թե ամեն ինչ նորմալ է գնում ու կարծես թե ԱՄՆ-ի կողմից հասցվելիք հարվածի հավանականությունը եթե չանէացավ էլ, ապա էականորեն նվազեց:
Կարելի է գրանցել, որ եղավ աննախադեպ մի բան վերջին 20-25 տարիների մեջ՝ ԱՄՆ-ը զիջեց, նահանջեց, ռազմավարական մանյովր արեց, որակեք դա ինչպես ուզում եք, բայց փաստը մնում է փաստ. ԱՄՆ-ը հայտարարեց, որ պատերազմ է սկսելու, բայց հետո հետ կանգնեց իր այդ որոշումից: Որո՞նք էին այն պատճառները, որոնք պաշտոնական Վաշինգթոնին ստիպեցին հետ կանգնել նախանշված սցենարից ու անգամ նախագահի մակարդակով հնչեցված հայտարարությունից հետո, այնուամենայնիվ դիմել դիվանագիտությանը:
Նախևառաջ, ամենևին էլ պետք չէ բացառել վերահաս պատերազմի հավանականությունը: ԱՄՆ-ը ինչպես կենտրոնացրել էր իր ուժերը հարված հասցնելու համար, այնպես էլ շարունակում է բավականին տպավորիչ զորախումբ պահել Սիրիայի սահմաններին ու ափերին մոտ, որը պատրաստ է ամեն րոպեի հարվածներ հասցնել Սիրիայի տարածքի ցանկացած կետին: Ի վերջո, Արաբական գարունների շղթայի ողջ իմաստ էլ դրանց ավարտունությունն ապահովելն է և Սիրիան նախավերջինը պետք է լիներ այս շղթայում: Սակայն արդեն Լիբիայի վրա այս սցենարը էական խնդիրների բախվեց և պլանավորված 2-3 շաբաթ տևողությամբ հեղաշրջման փոխարեն, սկսվեց լիարժեք քաղաքացիական պատերազմ, որը շուրջ մեկ տարի տևեց, եթե Քադաֆֆու սպանությունը համարենք այդ պատերազմի վերջակետը:
Սա արդեն իսկ էական խնդիր էր, որովհետև դա ժամանակ տվեց նույն Սիրիային, որպեսզի ավելի լավ նախապատրաստվի դեպքերի հնարավոր զարգացումներին, այդ թվում՝ իր ՀՕՊ համակարգի արդիականացման ու հզորացման միջոցով: Արդյունքում, այսօր շատ փորձագետների կարծիքով Սիրիան կարող էր հանգիստ դիմակայել մի քանի օր տևողությամբ հրթիռային հարվածների ու ռմբահարումների և դեռ մի բան էլ կարող էր բավականին ցավոտ հարված հասցնել դաշնակիցների օդուժին:
Սակայն պետք չէ այս ամենը զուտ ժամանակային կամ ռազմական գործոններով բացատրել: Վերջին հաշվով, ԱՄՆ-ը կարող էր ավելի շատ ուժեր կենտրոնացնել մոլորակի տարբեր կետերում իր ներկայության շնորհիվ ու հրթիռակոծել Սիրիան այնքան ժամանակ, որքան դա պետք լիներ: Ուստի, կարելի է արձանագրել, որ պակաս դեր չխաղաց հանրային կարծիքն ու տեղեկատվական գործոնը: Խնդիրը նրանում էր, որ Օբաման այդպես էլ չկարողացավ հստակորեն բացատրել իր ներքին լսարանին, թե ինչո՞վ է սպառնում Սիրիան հասարակ ամերիկացու անվտանգությանը, որ ամերիկացի զինվորն էլ գնա ու իր կյանքը վտանգի մոլորակի հակառակ կողմում: Արդյունքում, ռազմական ինտերվենցիայի կողմնակիցները ամերիկյան հասարակությունում այդպես էլ փոքրամասնություն մնացին: ԱՄՆ-ը ձախողվեց նաև տեղեկատվական պատերազմում, որովհետև այնքան կոպիտ սխալներ էին թույլ տրվել, որ անգամ մեդիա գիգանտների վերահսկողությունն ու միակողմանի մատուցվող տեղեկատվությունը չկարողացան որոշիչ առավելություն տալ Սիրիայի հակառակորդներին՝ տեղեկատվական դաշտում:
Ասածիս վառ օրինակը երկու օր առաջ բարձրացած սկանդալն էր, որը պայմանավորված էր նրանով, որ հենց ամերիկացի լրագրողները պարզել էին, որ ԱՄՆ կառավարության համար աշխատող Մերձավոր Արևելքի ու մասնավորապես Սիրևիայի հարցերով «առաջատար վերլուծաբանը»՝ 26-ամյա Էլիզաբեթ Օ՛Բեյգի, ում զեկույցների վրա հիմնվում էր Քերրին և ում ցույց էին տալիս բոլոր առաջատար հեռուստաընկերությունները, ով պնդում էր, որ սիրիական ընդդիմությունում ահաբեկչական ու մարգինալ ուժերը չնչին տոկոս են կազմում, պարզապես սուտասան է և կեղծարար, ով ունենալով ընդամենը մագիստրոսի կոչում, իր ռեզյումեում նշել էր, որ գիտությունների թեկնածու է:
Ավելին, պարզվել էր, որ նա ոչ մի անգամ Սիրիայում չէր եղել, թեև իր վերլուծություններում պնդում էր հակառակը: Ստացվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը հղում էր անում կեղծ տեղեկատվության վրա՝ հանդես գալով Սենատում, ինչն ուղղակի անթույլատրելի սխալ է նման մակարդակի համար, անկախ նրանից, որքանով էր գիտակցված տեղեկատվության կեղծ լինելը:
Պետք չէ մոռանալ նաև միջազգային վարկանիշի մասին, որովհետև թեև Օբաման էլ վերընտրվելու խնդիր չունի, այնուամենայնիվ ԱՄՆ-ի քաղաքական իսթեբլիշմենթին բավականին մտահոգում է, թե ինչպես են իրենց երկիրն ընկալում աշխարհում, իսկ սիրաիական ճգնաժամի տեղեկատվական պատերազմում ԱՄՆ-ի հակառակորդներին հաջողվեց վերահաս պատերազմը մատուցել համաշխարհային հանրությանն այնպես, որ ԱՄՆ-ը դրանում հանդես էր գալիս բռի ագրեսորի կարգավիճակում, այլ ոչ թե արդարության առաջամարտիկի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Այսքանով հանդերձ, պետք է փաստել, որ Վաշինգթոնն իրականում չի պատրաստվում հրաժարվել Սիրիայում «հեղափոխությունն» ավարտին հասցնելուց, իսկ այն ինչին մենք հիմա ականատես ենք լինում պարզապես ուժերի վերադասավորություն է՝ պալն Բ-ին անցնելուց առաջ և եթե Բաշար ալ Ասադին չհաջողվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում վճռական հաղթանակ տանել քաղաքացիական պատերազմում, ապա ԱՄՆ-ի ռազմական ինտերվենցիայի ռիսկը նորից կմեծանա ու այս անգամ ԱՄՆ-ը արդեն կգործի՝ հաշվի առնելով թույլ տված սխալները:



