1in.am-ը գրում է.
Իրաքի խորհրդարանի պատվիրակությունը՝ խոսնակ Օսամ Ալ-Նեջեֆիի գլխավորությամբ, Թեհրանում ներկայացրել է Սիրիայի հակամարտության կարգավորման նախաձեռնությունը և Իրանին խորհուրդ է տվել զերծ մնալ սիրիական ճգնաժամին միջամտելուց: Այս մասին հայտարարել է Իրաքի խորհրդարանի պատգամավոր Մազհար Ալ-Ջանաբին:
«Իրանի և Իրաքի տեսակետները սիրիական խնդրի հանդեպ որոշակիորեն տարբերվում են: Մեր խնդիրն է հասնել տարածաշրջանի խոշոր երկրների համաձայնեցված դիրքորոշման սիրիական հակամարտության հարցով և վերացնել արտաքին ռազմական ներխուժման սպառնալիքը»,- հայտարարել է պատգամավորը:
Նշենք, որ նախորդ շաբաթ իրաքցի պատգամավորները նույն առաքելությամբ այցելել են Թուրքիա: Խորհրդարանական աղբյուրների փոխանցմամբ՝ Անկարա այցը հաջող է եղել, Թուրքիայի կառավարությունը սկզբունքորեն համաձայնել է հակամարտության կարգավորման իրաքյան ծրագրի դրույթներին:
Սիրիայում իրավիճակի քաղաքական կարգավորման ծրագիրը, որն առաջարկել է Իրաքի վարչապետը սեպտեմբերի սկզբին, նախատեսում է կրակի դադարեցում սիրիական տարածքում, ֆինանսավորման և զենքի մատակարարման դադարեցում, Սիրիայից արտասահմանցի վարձկանների դուրսբերում: Բացի այդ, հակամարտող կողմերին պետք է ստիպեն սկսել խաղաղ բանակցել ՄԱԿ-ի վերահսկողությամբ` ընդհուպ մինչև ընտրությունները և իշխանության փոխանցումը:
Իրաքյան նախագիծը ենթադրում է նաև Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման հետաքննության ավարտ և հատուկ հիմնադրամի ստեղծում, որը կօգնի վերադարձնել սիրիացի փախստականներին: Տվյալ նախաձեռնությանն աջակցել են ԱՊԼ անդամ բոլոր պետությունները՝ բացառությամբ Սաուդյան Արաբիայի, որը կողմ է ռազմական միջամտությանը: