Ընձուղտը երկսմբակավորի կարգի ընձուղտանմանների ընտանիքի կաթնասուն կենդանի է: Համարվում է ամենաբարձր ցամաքային կենդանին:
Հայտնի են իսկական կամ սովորական ընձուղտները և նրանց մոտ ցեղակից օկապիները:
Սովորական ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: 6 մ-ի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Արուների կենդանի զանգվածը հասնում է 750 կգ-ի:Գլուխը փոքր է, ոտքերը՝ երկար, առջևի ոտքերը հետևիններից ավելի երկար են: Ճակատին ունի մաշկապատ եղջյուրիկներ: Սովորական ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն, տարբեր ձևերի խալերով:
Ընձուղտներն ունեն սուր տեսողություն և շատ արագավազ են: Սնվում են ակացիայի ճյուղերով ու տերևներով: Ունենում են 1 ձագ: Ապրում են Աֆրիկայի սավաննաներում՝ 12–15 (երբեմն՝ մինչև 70) կենդանիներից բաղկացած հոտերով: Ընձուղտի միսն ուտում են, իսկ մաշկն օգտագործվում է զանազան արտադրությունների մեջ: Սովորական ընձուղտների քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում դրանք լրիվ անհետացել են:
Մոտ 100 տարի առաջ Աֆրիկայի անտառներում հայտնաբերվել է մի անսովոր կենդանի: Տեղացիները նրան օկապի են անվանել: Պարզվել է, որ օկապին ընձուղտի մոտիկ ցեղակիցն է. ունի կարճ պարանոց ու ոտքեր, նուրբ մետաքսանման մազածածկ, ոտքերին՝ սև ու սպիտակ զոլեր: Անտառում կեր (հիմնականում՝ տերևներ) հայթայթելու համար առանձնապես բարձրահասակ լինելն անհրաժեշտ չէ: Օկապիի մնդավի (պարանոցից մինչև ոտքերի ծայրը) բարձրությունը 1,5–1,7 մ է, կենդանի զանգվածը հասնում է մինչև 250 կգ-ի: Մարմինը դեղնակարմրավուն է՝ առանց խալերի: Ականջները մեծ են, լսողությունը՝ սուր: Անտառում դա շատ անհրաժեշտ է: Օկապիներն ապրում են միայնակ կամ զույգերով:
Նյութի աղբյուր՝ http://www.hetaqrqir.com/2013/09/blog-post_15.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել