Մինչ Փաշինյանը փորձում է իր քարոզիչների միջոցով սեփական հանրությանը տրամադրել «խաղաղության դարաշրջանին», ստիպում «փոխել կարմիր պուլովերը»՝ ցլերի ոտքի տակ չհայտնվելու համար, Ադրբեջանը ցույց է տալիս իր իրական դեմքը և ապացուցում, որ Հարավկովկասյան տարածաշրջանում ոչ մի խաղաղություն էլ չի լինելու՝ առավել ևս «հաշտության համաձայնագիր»։
Այսօր հայտնի դարձավ, որ առավոտյան՝ ժամը 05:30-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ունենք 4 զոհ։ Այո՛, հարգելի երդվյալ ատենակալներ, հայկական կողմը ունի հերթական զոհերը (չնայած իշխանության բարձրաստիճան կոչեցյալները նրանց ուղղակի դիակներ են կոչում)։
Փաստացի ունենք մի իրավիճակ, որ Փաշինյանը ծածանում է «սպիտակ դրոշ», իսկ Ալիևն ուղղակի այն պոզահարում է և անցնում հերթական արարին, որպեսզի վերջնականապես հասնի պանթուրանական իր ծրագրի իրականացմանը։
Երբ ոլորտային փորձագետները ամեն առիթով խոսում են այն մասին, որ այս խաղաղություն կոչվածը ֆեյք օրակարգ է, իսկ Ալիևը բնավ էլ ցանկություն ու նպատակ չունի հետ կանգնել իր ամբցիաներից, բոլորը միանգամից «նշանակվում» են հակազգային ու ռևանշիստ, այն ինչ ընդամենը բարձրաձայնում են իրականությունը։
Ի դեպ՝ ցավալի է այն փաստը, որն այս օրերին արձանագրվում է մի շարք բարձրաստիճան զինվորականների կողմից։ Նրանք գլխիկոր խոստովանում են, որ այսօր Հայկական բանակի հետ Ադրբեջանը վարվում է ճիշտ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին վարվում էինք մենք․ ադրբեջանական ցանկացած ոտնձգության և մինիմալ կրակի դեպքում մեկին-հազար պատասխան էր տրվում ու թշնամուն ստիպում վեր ընկնել տեղը։ Այսօր՝ այս գլխիկոր իրականության պայմաններում, Ալիևի ոչ միայն լեզուն է երկարել, այլև՝ ձեռքերը, և հայկական կողմին չկրակելու հրաման տալու արդյունքում էլ ունենում ենք ահա նման ողբերգական պատկեր։
Իրականում ընդհանրապես հենց այսպես էլ լինում են պետությունները՝ կզած ու անողնաշար, երբ երկրը ղեկավարում է անգետ-անհայրենիքների խմբակը, որի գերին ենք վերջին 6 տարիներին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/pfbid0wbCRn86vD3TWeMJtyGWx1FAkLZ9VJ6pwLoq5dKLnHinD6e1rDnvN6cVwnxaejHPxl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել