Բացարձակ անթույլատրելի և ստորացուցիչ է այն, որ Հայաստանի իշխանությունը արդարանում ու «մեղա է գալիս» Ադրբեջանի առաջ, թե երեկ Սյունիքում` Ներքին Հանդի հատվածում, իբր միջադեպ է եղել, և իրենք դա պարզում, քննություն են իրականացնում:
Սա միանշանակ ադրբեջանական օրակարգ է: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում. ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել են մեր երկրի տարածք, և հիմա դեռ մենք պետք է քննենք, թե մեր տարածքում ադրբեջանցիների հանդեպ ի՞նչ մեղք ենք գործել:
Բա ու՞ր մնաց իրողությունը, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ի սկզբանե անօրինական, հանցավոր է:
Նրանք դեռ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում` հոկտեմբերի 20-ին են ներխուժել Ծավ գյուղի հարևանությամբ տարածքներ, իսկ 2021 թվականին ու դրանից հետո ընդլայնել են ներխուժումների աշխարհագրությունը:
Ներքին Հանդը շրջափակել են 3 կողմից, կրակում են գյուղերի ուղղությամբ, մարդկանց զրկել են խմելու ջրից, ապրուստի միջոց վաստակելու, հարազատների շիրիմներին ու եկեղեցի այցելելու հնարավորությունից, անհնարին են դարձրել մարդկանց կյանքը:
Հայաստանի զինծառայողներն ամեն րոպե պաշտպանում են մեր ժողովրդի կյանքն ու առողջությունը:
Սա պետք է լինի հայկական կողմի օրակարգն ու հավատամքը, այլ ոչ թե Ադրբեջանի թելադրածը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0BxFdr4UqQKAMXdUNmHy6QT4ozbsCgS82jGHSHWy3frDjkgLguw391TAQqVPnFtJ4l&id=100017676420633
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել