Փարիզը գրավոր առաջարկ է ուղարկել Բեյրութ, որի նպատակն է դադարեցնել մարտերը Լիբանան-Իսրայելսահմանին և լուծել տարածքային վեճերը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։

Ֆրանսիական նախաձեռնությամբ առաջարկվում է, որ շիա «Հեզբոլլահ» կուսակցության զինված թևի մարտիկները 10 կմ հեռանան Իսրայելի հետ սահմանից։ Ծրագրի նպատակն է կանխել հակամարտությունը, «որը վերահսկողությունից դուրս գալու վտանգ է պարունակում», և հաստատել «հնարավոր հրադադար, երբ պայմանները ճիշտ լինեն»: Բացի այդ, ծրագրով նախատեսվում են բանակցություններ Իսրայելի և Լիբանանի միջև վիճելի ցամաքային սահմանի սահմանազատման շուրջ։

Փարիզը նաև առաջարկում է մինչև 15000 լիբանանցի զինվորների տեղակայել Լիբանանի հարավային սահմանային շրջանում, որտեղ տեղակայված են «Հեզբոլլահ»-ի ուժերը՝ անվտանգությունն ապահովելու համար:

Շիա կուսակցության ներկայացուցիչները, ի պատասխան Reuters-ի հարցման, ասել են, որ չեն դիտարկում ապաէսկալացման բանակցությունների հնարավորությունը, քանի դեռ չեն դադարեցվել մարտերը Գազայի հատվածում։

Ըստ աղբյուրների՝ առաջարկվող զինադադարի ծրագիրը վերջնական չէ։ Բեյրութը դեմ է դրա որոշ կետերին, այդ թվում՝ Իսրայելի սահմանի մոտ կառույցների ապամոնտաժմանը: Ֆրանսիական նախագիծը ստացել է նաևԻսրայելի կառավարությունը։ Իսրայելցի պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ այն քննարկվում է։

Լիբանանի հարավում մարտեր են ընթանում Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությանը զուգահեռ՝ մեծացնելով Մերձավոր Արևելքում կործանարար, լայնամասշտաբ առճակատման մտավախությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել