Չինաստանում հետազոտողները հայտնաբերել են դամբարան, որը շուրջ 5000 տարեկան է։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ երկրի կենտրոնական մասում՝ Հենան նահանգում հայտնաբերված դամբարանը պատկանում է Դավենկուի նեոլիթյան հնագիտական մշակույթին (Ք.ա. 3700-2600 թթ.)։ Նրա մակերեսը հասնում է 17 քմ-ի։ Դամբարանը պարունակում է 350 հնագույն մասունք, այդ թվում՝ հասպիս և խեցեղեն, խոզերի ստորին ծնոտներ, որոնք, հավանաբար, հարստության խորհրդանիշ էին, և փղոսկրից զարդեր։ Դամբարանը կարող է պատկանել հնագույն միապետի, գրում է Xinhua-ն։
Գործակալությունը նշում է, որ դամբարանը գտնվում է Վանչժուանգ հնագիտական վայրի հարևանությամբ։ Մոտ 5000 տարի առաջ այն եղել է լայնածավալ բնակավայր։ Նոր հայտնագործությունը ցույց է տալիս, որ այս վայրը, ամենայն հավանականությամբ, եղել է Հուայի լեգենդար հնագույն թագավորության մայրաքաղաքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել