Hraparak.am-ը գրում է․
Մեր մեծերը շատ են հարցրել իրենք իրենց ՝ ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ինչ է ուզում նա։ Մեծ Թումանյանը ամբողջ կյանքում որոնում էր, թե՞ որտեղից է գալիս հայի ոգին, կամքը, հաստատակամությունը, ապրելու, արարելու, երկիրը պահելու տենչը։ Նա մտորում էր․ «Ու՞ր որոնենք էդ ոգին։ Արդյոք Սասունի, Զեյթունի, Մոկաց, Ղարաբաղի ու Լոռու սարերո՞ւմ, թե՞ Շիրակի, Արարատի ու Մուշի դաշտերում։ Արդյոք հին վանքերի միստիկ կամարների տա՞կ, ուր ծավալվում է «խորհուրդ խորին անհաս և անսկիզբն», թե՞ դալար մարգերում ու խաչահանգիստ հովիտներում, ուր «լուսնյակն անուշ, հովն անուշ, շինականի քունն անուշ»։ Արդյոք «ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» խոսողի երկնաչու պաղատանքնե՞րի մեջ, թե՞ «Վերք Հայաստանիի» հայրենասիրական ողբի հառաչանքների եւ մորմոքների մեջ»։
Այսօր ականատես ենք լինում, որ հայի ոգին՝ իշխանություն եկած ուժերի ու թշնամու սինխրոն ջանքերով շարունակում են կոտրել, որովհետև այդ ոգին է եղել մեղքի քավարանը, որ մինչև այսօր Հայաստան կա։ Դրանք տարբեր ճանապարհներով են անում՝ հայոց պատմությունը, հայ գրականությունը ժխտելով, հայրենասեր մարդկանց ձերբակալելով, մեր հերոսների վրա քրեական գործեր կարելով, ձերբակալելով, մեր պատմությունը ձևափոխելով։ Տարբեր միջոցներով լռեցվում է հանրությունը, որ չխոսեն իրենց ազգային հերոսների մասին։ Մարդիկ վախենում են բարձրաձայնել իրենց ազգային հերոսների անունները։ Դպրոցը դարձել է մատաղ սերնդին այլ ոգով դաստիարակելու միջոց։ Նոր պետություն է կերտում Նիկոլ Փաշինյանը՝ նոր Սահմանադրությամբ, որտեղ հայոց պատմությունը կգրվի թշնամի երկրի ուղղորդմամբ։ Հայի ոգին կոտրելը առաջին հերթին ազդում է երկրի անվտանգության, մարտունակության վրա։ Ու պետք չէ փնտրել պարտությունների շղթայի ծայրը, դրանք այս իշխանության քաղաքականության արդյունք են։ Հիմա էլ եկեղեցու դեմ նոր արշավներով են փորձում վերջնականապես կոտրել հայի ոգին։
Ասեմ, որ անգամ հայաստանցին էր կասկածի տակ դրել՝ կա՞ պայքարող տեսակ, հայի ոգին ամբողջովին կոտրե՞լ է այս իշխանությունը, հայը կարո՞ղ է պաշտպանել իր օրրանը։ Երեկ ականատես եղանք, որ չնայած իշխանության ջանքերին, հայի ոգին կա՛։ Անթեղը, կրակախառն մոխրակույտը կա։ Կրակը ծածկված է եղել մոխրով ու երբ հետ քաշեցինք անթեղը, նրա տակ վառման կրակ կար։ Այդ ամենը տեսանք Արցախյան ազատամարտի մասնակից, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հուղարկավորության ժամանակ: Երբ թվաց, թե մահը վերջն է, մոխիր է ու հանկարծ այդ մոխրի տակից լույս երևաց։ Տաք էր մոխիրը։ Գինոսյանի աշակերտները հրաժեշտից առաջ վերջին անգամ «Յարխուշտա» ռազմապարը պարեցին իրենց ուսուցչի համար, կատարեցին «Ձայն մը Հնչեց» երգը։ Եռաբլուրը ցնծում էր։ Դա հայի ոգին էր։ Ժողովրդի սիրո, հոգում անթեղած կրակի ամենամեծ Սահմանադրությունն էր դա։ Ժողովուրդը ոչ ասաց կրակի Հանգչելուն։ Ոչ ասաց ազգ-հայրենիք- պետության հանգչելուն։ Մնում է ընդամենը թույլ չտալ օրորոցուց խեղդել լույս կրակը, որը չի հանգչել։ Անթեղի համար կրակի մեջ դրվող կոճղ է պետք։