Armtimes.com-ը գրում է.
Երեկ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը անվանի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին նշանակեց Ազգային բարի կամքի դեսպան: 80-ամյա միլիարդատիրոջ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանն է պատկանում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» օդանավակայանի հետ միասին: Վերջերս Հայաստանի ճարտարապետների կողմից ահազանգ հնչեց, որ օդանավակայանի կլոր շենքը կառավարչի ցանկությամբ պետք է ապամոնտաժվի: Երեկ Էռնեկյանը պատասխանեց մեր մի քանի հարցերի.
- Պարոն Էռնեկյան, խոսակցություններ կան, թե «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը պետք է քանդվի: Դա ձե՞ր որոշումն է:
- Եթե ինձի մնա, վաղն էլ կքանդեմ:
- Ինչու՞:
- Պիտի քանդեմ, որովհետեւ արժեք չունի: Ո՞վ պիտի պահե: Այդ շենքը վտանգավոր է սեյսմիկ առումով: Շարժում լինի, չի դիմանա: Թույլ է:
- Աշխարհը փորձ ունի թույլ շենքերն ամրացնելու: Միգուցե այդ փորձը կիրառվի:
- Դուն կվճարե՞ս:
- Դուք ինձնից ավելի շատ կարողություն ունեք:
- Ես կարծում եմ, որ կարողությունը ժողովրդի վրա պիտի ծախսենք: Եվ հին բաները մի կողմ ձգենք, որ շատ ունինք, եւ ապագան պիտի շինենք, երիտասարդները մեջտեղ բերելով, ոչ` հին շենքերը կառուցելով:
- Ինչ ծրագրեր ունեք ԱԳՆ շենքի հետ կապված (հարցը՝ «Հենարան»-ի թղթակցի):
- Ոչ: Պրոեկտ չունինք, բայց կկարգադրենք, որ բան արվի: Խորհում ենք, որ մի բան մը պիտի անենք:
- Ինչի՞ն կծառայի ԱԳՆ շենքը: Հյուրանո՞ց կդառնա, ինչպես գրվել է մամուլում:
- Հյուրանոցը իմ սրտով չէ:
- Բայց` չի քանդվի:
- Ո՛չ:
- Իսկ ի՞նչ կնախընտրեք, որ լինի այնտեղ:
- Թանգարան...
«Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը ավելի ուշ մեզ հայտնեց, որ կլոր շենքի հարցը փակված է, քանի որ, ըստ խոսնակի, իրենք այդ հարցով դիմել են քաղաքապետարան եւ վերջինս անընդունելի է համարել շենքի ապամոնտաժումը:
Գագիկ Աղբալյան



