Երևանի նախկին քաղաքապետ, ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը ներկա է այսօրվա արտահերթ նիստին, որտեղ քննարկվում է նրան մանդատից զրկելու հարցը։ Նա նաև ելույթ ունեցավ։
Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի համոզմամբ՝ իրեն և ընդդիմադիր մյուս անդամներին հեռացնում են, որովհետև գործող իշխանության դեմ են դուրս եկել և նրանց հրաժարականն են պահանջում։
«Մարդիկ մեզ ընտրել են 5 տարով, և դուք 3 ամսվա գալ-չգալու համար ինձ հանո՞ւմ եք։ Ո՞վ է ձեզ այդ իրավունքը տվել։ Դուք եք ինձ այդ իրավունքը տվե՞լ, թե՞ կարող է մտածում եք իմ գործատուն ենք։ Իմ գործատուն իմ ընտրողներն են։ Հարգելիներս, դուք ո՞վ եք։ ՔՊ-ից ասում են՝ ավագանու անդամը կարող է հեռացվել, կամ՝ ոչ, այսինքն՝ հայեցողության հարց է՝ կարող է նաև չհեռացվել»,- ընդգծեց Մարությանը՝ հավելելով, որ իրեն հեռացնելու գործընթացն արվում է մի նպատակով. զրկել ընդդիմությանը պայքարի ևս մեկ հարթակից։
Երևանի ավագանու անդամի խոսքով՝ նիստերից բացակայելը դեռ չի նշանակում, որ ոչինչ չի արվում, որովհետև աշխատանքի առյուծի բաժինն արվում է դահլիճից դուրս։
Նա, ասաց, թեև նիստին չի մասնակցում, բայց գործընկերների հետ մասնակցում է բոլոր նախագծերի քննարկմանը։
«Միայն նիստերին չգալով, քվորում չապահովելու միջոցով է հնարավոր, որ ՔՊ-ն իր տհաս ու վնասակար որոշումները չկայացնի»,- նշեց Մարությանը։
Նախկին քաղաքապետն անկեղծացավ՝ չի եկել, որ չմասնակցի կարմիր գծերի թանկացման մասին խայտառակ նախագծի ընդունմանը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել, որի օրակարգում ավագանու ընդդիմադիր անդամներին՝ Հայկ Մարությանին, Զարուհի Փոստանջյանին, Գևորգ Ստեփանյանին, Նարինե Հայրապետյանին, Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու հարցն է:
Ավելի վաղ Մարությանի ղեկավարած «Ազգային առաջընթացը» և «Մայր Հայաստանը» հայտարարել են նիստը բոյկոտելու մասին, իսկ Վարդան Ղուկասյանը, «Հանրային ձայնի» անունից է վստահեցրել, որ չեն մասնակցելու նիստին։
Հավելենք, որ սակայն, որ «Հանրային ձայնից» 2 ավագանի մասնակցում էին նիստին։