«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագրի մասնակից Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի դպրոցների ուսուցիչների եւ աշակերտների հետ փետրվարի 2-ին հանդիպել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:
Հանդիպմանը մասնակցել եւ հյուրերի հետ զրուցել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի 4 հիմնական եւ ավագ դպրոցներում բացվել են մեդիագրագիտության դասարան եւ ակումբներ, որտեղ աշակերտներն այլընտրանքային կրթական մեթոդներով մեդիագրագիտության, կեղծ լուրերի ստուգման, քաղաքացիական կրթության, քննական մտածողության զարգացման դասընթացներ են անցել այլընտրանքային մեթոդներով` հետաքրքիր ֆիլմերի դիտումներով, խաղերով եւ այլն:
«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված ծրագիրը:
Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ աշխատել է Գայանե Աբրահամյանի հետ ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման նստաշրջանում եւ ուրախ է այս հանդիպման համար: Նա ընդգծել է, որ իշխող կուսակցության համար կարեւոր է կապը ժողովրդի հետ: Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է առկա խնդիրներով, բացթողումներով:
Անդրադառնալով «Հայոց պատմությո՞ւն», թե՞ «Հայաստանի պատմություն» դասագրքի անվանմանը վերաբերող հարցին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ շատ կարեւոր է փոքր հասակից ամրապնդել պետականության գաղափարը: «Մեր ընկալմամբ խորհրդային ժամանակահատվածում ամեն ինչ արվել է պետականության գաղափարը ենթագիտակցության մակարդակից հանելու համար: Մեր ցանկությունն է կարեւորել պետական մտածելակերպը, ամրապնդել պետականության հիմնաքարը: Բայց մենք պատրաստ ենք լսելու նաեւ կարծիքներ»,- ասել է ԱԺ նախագահը:
Հանդիպման մասնակիցները մտահոգիչ են համարել դպրոցներում արական սեռի մանկավարժների պակասը` նշելով, որ նրանք կարեւոր դերակատարում կարող են ունենալ դեռահաս աշակերտների դաստիարակության հարցում:
Քննարկվել են նաեւ դպրոցից բուհ, քոլեջ եւ ուսումնարան անցման նոր` կրեդիտային համակարգին վերաբերող հարցեր:
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը պատրաստակամություն է հայտնել մանրամասն ուսումնասիրել բարձրաձայնված խնդիրները եւ դրանք ներկայացնել համապատասխան ատյաններում:
Նյութի աղբյուր՝ http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=20036&year=2024&month=02&day=02&lang=arm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել