Իմ սիրելի ընթերցողներ, ներեք թամբալիս, որ այսքան ուշ եմ հրապարակում Ավետիք Իսահակյանի՝ Շուշիկին ուղղված նամակի երկրորդ մասը: Դե, գիտեք, միակ մարդը, ով հանձն էր առել հատիկ-հատիկ հավաքել սույն նամակն ու տարածել համացանցում, ես էի՝ հանձին իմ բլոգի ;) Ցանկացած այլ վայրում, եթե տեսնեք, միանշանակ վերցված է իմ բլոգից, քանի որ ես հրապարակել էի նամակի ոչ ամբողջական մասը: Ահա, վերջապես մի փոքր ժամանակ ունեցա ու հավաքեցի նամակի մյուս մասը:old letter a

”Դու ասում էիր ինձ, որ ինձ չես սիրել- գիտեմ, գիտեմ, բայց այդ քեզ իրավունք չէր տալիս, ինձ՝ երբ ես քու ոտքերի տակ տիեզերական հզոր սիրուցս ստորացած ընկած էի, – ծաղրելու, արհամարհելու, դուրս շպրտելու. չէ որ, Շուշիկ ջան, ես մարդ էի. չէ որ, կային օրեր, որ դու ինձ գոնե հարգում էիր, ”թանկագին” և ”ջան” խոսքերով խաղում էիր հետս…և այդ բոլորից հետո դու ինձ ոտաց տակ տվիր.  խփեցիր ջահել սրտիս մեջ դաշույններ՝ չհանեցիր նրանց, թողիր սրտիս մեջ- մնացին, ժանգոտվան, և արյունովս իմ քայլափոխերս ծածկեցին, բայց դու մնացիր դեպի ինձ միշտ ծաղրող, միշտ անգութ, միշտ անսիրտ…

Եթե ամենակատաղի թշնամուս սիրեի, իմ, դեպի քեզ մրրկող սիրուս մի չնչին մասով, թշնամիս ինձ կգրկեր, կգուրգուրեր և կմխիթարեր… Իսկ դու- դու գիտեիր իմ դժոխային տանջանքներս, բայց մոտ չեկար, մի անուշ խոսք չասիր… Ես քեզնից էլ սեր չէի ուզում, քեզ տիրել չէի ուզում, բայց քու մեջ մարդ տեսնել կուզեի, և որ՝ դու իմ մեջ մարդ տեսնեիր… Դու ասում էիր ինձ, որ այն ժամանակ ջահել էիր և ուրիշները ներշնչում էին քեզ…Բայց, բայց…չէ որ ջահելները ունեն գթառատ սիրտ. Բայց միթե՞ դու ջահել էիր. Դու հասած էիր՝ և այն էլ շա՜տ զզվելի կերպով, որ առաջին պատահող ամուսնու գիրկն ընկար…

Այո’, մենք հետո բարեկամացանք, գուցե դու հետո ինձ սիրեցիր, բայց այդ օրվանից ես քեզ սկսեցի ատել և հայհոյել. դու հետո ինձ սիրում էիր ոչ մաքուր կերպով, այլ ֆիզիկապես… Ես զզվում էի քեզնից. բայց և անդիմադրելի կերպով սիրում էի. ա՜խ, ամբողջ 13 տարի դու նստել ես ու բռնել իմ ողջ, ողջ ուղեղը, հոգին և սրբապղծել իմ ողջ երկինքը… Դու ինձ արնաքամ արիր, գուցե ակամա, դու սպանեցիր իմ տաղանդը, դու ինձ մղեցիր ամենածանր, դառն հուսահատության, երբ ես ամբողջապես թաթախված ինքնասպանության ծանր մտքերով, հանկարծ սթափվեցի- ինձ դուրս կանչեց ժողովուրդը, հեղափոխությունը, իմ ջախջախված գենին- ես տեսա իմ աչքում բոլոր իլյուզիաները ցրված, վարագույրները բացված և քեզ՝ որպես ամենավատ կինը բոլոր կանանցից… և քեզ հայհոյեցի աշխարհքի ամենածանր հայհոյանքով, որ իմ կյանքում մի անգամ եմ ասել, և այն էլ քեզ, իմ հոգուն, իմ իդեալին. այժմ մազերս փետանում են և ամաչում եմ, և սոսկում եմ այդ հայհոյանքից…Եվ այն օրից, երբ գրեցի…

Շուշիկ, ատելի, սիրելի Շուշիկ, ուրիշ կերպ ես չէի կարող վարվել. ես պիտի քեզ անպատվեի, վայր գցեի, որ կարողանայի ազատվել այդ հրեշային սիրուց, որ ինձ ծծեց, կամ սպանեի ինձ. սպանել չուզեցա, որովհետև բնությունը իմ մեջ շա՜տ է կյանք և կյանքի ուժ ու սեր դրել, բայց հայհոյել կարողացա. իհարկե, ավելի լավ էր մեռնեի, քան հասնեի այն օրին, որ ես իմ դարեր, դարեր պաշտած երազը սրբապղծեի, ոտաց տակ տայի… Բայց այս բոլորի միայնակ մեղավորը դու ես:

Այժմ ի՞նչ եմ ուզում ասել ես- խոսքս հետ չեմ առնում, բայց այդ հայհոյանքով էլ չբժշկվեցի ես. դու մի սոսկավիթխար վերք բացիր հոգուս մեջ, և ոչ մի երկրային ու երկնային դեղով դա չի բժշկվի…. Այժմ դառնաս իմ կինը- ես իսկույն կփախնեմ քեզնից. դառնաս հին Շուշիկը՝ ես կսպանեմ ինձ՝ չտեսնելու համար տանջանքների այն ծանր շղթան, որ տարիներ ի վեր ինձ կաշկանդեց…”

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել