Հունվարի 29-ին, Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Արմավիրի մարզի բնակիչներ 50-ամյա Խաչատուր Հովհաննիսյանի, 41-ամյա Կարապետ Մանուկյանի և 49-ամյա Կարեն Թևոսյանի նկատմամբ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Նշված անձինք կասկածվում են այս տարվա հունվարի 16-ին Արմավիր քաղաքում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի նախկին աշխատակցին դաժան ծեծի ենթարկելու, ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ։
Կայքի տեղեկություններով՝ հունվարի 16-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը Էջմիածին քաղաքի Լերմոնտով փողոցի թիվ 19 հասցեում գործող «Նուռ» սուպերմարկետի պահեստում նշված անձինք դաժան ծեծի են ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Կարեն Միրզախանյանին։
Վերջինս աչքի հատվածում ստացել է ծանր վնասվածք և տեղափոխվել է Մալայանի հիվանդանոց, որտեղ ծանր վիրահատության է ենթարկվել և աչքի մեկը հեռացրել են։ Նա ունի նաև այտոսկրերի կոտրվածքներ, քանի որ Կ. Միրզախանյանին ծեծի են ենթարկել՝ հարվածելով փայտերով, ձեռքերով ու ոտքերով։
Այս պահին Կ. Միրզախանյանը գտնվում է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտում և շարունակում է բուժումը։
Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ դաժան ծեծի պարագլուխը եղել է Խ. Հովհաննիսյանը, ով «Նուռ» սուպերմարկետի սեփականատերն է։
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեակատարողական հիմնարկի ծառայողները ժամերի ընթացքում հայտնաբերել են Կ. Միրզախանյանին դաժան ծեծի ենթարկած խմբի անդամներին և բերման են ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նշված անձանց մեղադրանքներ են առաջադրվել և քննիչը դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նշված անձինք վերցվեն երկամսյա կալանքի։
Դատավոր Հրաչյա Մեխակյանը, դռնփակ դատական նիստերն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշել է Խ. Հովհաննիսյանին և Կարապետ Մ.-ին ազատ արձակել, իսկ Կարեն Թ. -ի նկատմամբ խափանման միջոց երկամսյա կալանքի միջնորդությունը բավարարել է:
Կայքի տեղեկություններով՝ ծեծի ենթարկվածը ոստիկանության Վաղարշապատի բաժնում աշխատել է անչափահասների գործերով բաժանմունքում ավագ տեսուչ, կոչումով կապիտան է: