Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ու մեր ազգը ցնծում էր, այդ ցնծության մթնոլորտում մենք էլ հավաքվեցինք, կոնյակ խմեցինք այդ առիթով։
Այս մասին «ԼուրջCast» հաղորդման ընթացքում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Դե մենք էլ էինք տարիներ շարունակ պայքարել դրա համար, թեև դա ավելի շատ ժողովրդի ցնծության համար էինք խմում։ Հետո գնացինք առաջին նախագահի մոտ ու տեսանք, որ ինքը նստած է շատ լուրջ, անգամ մռայլ արտահայտությամբ։ Ասացինք՝ պարոն նախագահ, ամբողջ ժողովուրդը ցնծում է, ինչո՞ւ եք դուք այս տրամադրության մեջ։
Ինքն ասաց մի նախադասություն, որը դուրս չի գալիս իմ հիշողությունից։ Դա հենց նույն օրն էր, երբ շատ բաներ պարզ չէին՝ արդյոք Փաշինյանը դառնալու է վարչապետ, թե ոչ։ Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց՝ լսեք, դուք չե՞ք հասկանում, այսօր ես ամենադժբախտ մարդն եմ Հայաստանում, որովհետև իշխանության է գալիս մի մարդ, որը կործանելու է և՛ Արցախը, և՛ Հայաստանը։
Ինձ համար դա մի փոքր չափազանցություն հնչեց, բայց հիմա, որ նայում եմ, տեսնում եմ, որ Տեր-Պետրոսյանի կանխատեսումները այնուամենայիվ բավականին հզոր էին»,- ասաց Լևոն Զուրաբյանը։