Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայ-վրացական տնտեսական համագործակցության միջակառավարական նիստին քննարկել են Հարավային Կովկասի առևտրային և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման և նոր հաղորդակցությունների ստեղծման հնարավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ տնտեսական առաջընթաց արձանագրելու գործում երկու երկրները կարևորել են հուսալի ենթակառուցվածքների առկայությունը, ընդգծել հնարավոր փոխգործակցությունը տրանսպորտային ցանցերի, էներգետիկ համակարգերի, հեռահաղորդակցության և այլ նախագծերի շրջանակներում, որոնք միտված են տարածաշրջանային կապակցվածության բարելավմանն ու խորացմանը:

«Այս համատեքստում հարկ է նշել, որ երկու երկրների մաքսային մարմինների միջև ակտիվորեն քննարկվում են սահմանային անցման կետում համատեղ մաքսային հսկողության իրականացման մոդելները։ Այս գործընթացը նշանակալի ազդեցություն կունենա մաքսային գործառնությունների ժամկետների կրճատման, գործառույթների արդյունավետ կազմակերպան և բեռնափոխադրումների պարզեցման տեսանկյունից»,- ասել է վարչապետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել