1in.am-ը գրում է.
1983 թ. սեպտեմբերի 14-ին Լոնդոնում տաքսու վարորդի և դեղագործի ընտանիքում ծնվեց երգչուհի Էմի Ուայնհաուսը, ով ճանաչված էր իր հիանալի ձայնով և սկանդալային ապրելաոճով:
Տասը տարեկանում նա ընկերուհու հետ հիմնել է Sweetn Sour խումբը, իսկ 14 տարեկանում նրան վատ վարքի համար հեռացրել են Թատերական դպրոցից: Այդ ժամանակվանից էլ նա սկսել է երաժշտություն գրել և թմրանյութեր օգտագործել:
Իր կարճ կյանքի ընթացքում Էմին ընդամենը երկու ալբոմ է թողարկել և հինգ անգամ «Գրեմմի»-ի արժանացել:
2007 թ. Ուայնհաուսն ամուսնացել է և ամուսնու հետ թմրանյութերի կախվածության դեմ բուժվել վերականգնողական կլինիկայում: Սակայն որոշ ժամանակ անց պարզ է դարձել, որ նա դեռ շարունակում է ծանր թմրանյութեր օգտագործել:
Երգչուհին մահացել է 2011 թ. հուլիսի 23-ին, երբ ընդամենը 27 տարեկան էր: Նրա օրգանիզմում ալկոհոլը հինգ անգամ գերազանցում էր նորմայի սահմանները:
Երգչուհու վերջին՝ հետմահու ալբոմը վաճառքի է հանվել 2011 թ. դեկտեմբերին, որի մեջ ներառված են 2002-2011թթ. գրված երգերը:
Այս տարվա գարնանը հայտնի է դարձել, որ Էմի Ուայնհաուսի հուշարձանը կկանգնեցվի Roundhouse համերգասրահի տարածքում, որտեղ կայացել է երգչուհու վերջին ելույթը: