1in.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններն ընթացել են առանց միջադեպերի. ժամը 17:00-ին քվեարկությունն ավարտվեց: 

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Փաստաբանների պալատի անդամ, Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանը նշեց, որ քվեատուփն արդեն փակել են, նախապատրաստվում են ամփոփման աշխատանքներին: «Ժամը 16:30-ի դրությամբ ավելի քան 921 փաստաբաններ են մասնակցել քվեարկությանը: Այս պահի դրությամբ տվյալներ դեռ չունենք, հանձնաժողովի անդամները դեռ հաշվում են: Քվեարկության նախնական արդյունքները կլինեն ուշ` 01:00-02:00-ի սահմաններում»,- ասաց նա: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ քվեարկության ընթացքում միջադեպեր, բողոքներ, ահազանգեր չեն եղել, սակայն եղել են վրիպակներ, որոնց վերաբերյալ արձանագրություն է կազմվել: Վրիպակներն ընդամենը երկուսն են. փաստաբան Կարեն Թումանյանը ստորագրել է ուրիշի փոխարեն, փաստաբաններից մեկն էլ տողն է շփոթել: Երկու դեպքում էլ կազմվել է արձանագրություն, որից հետո աշխատանքը շարունակվել է իր հունով: 

Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի համար պայքարում են երեք փաստաբաններ` ինքնառաջադրված Կրոմվել Գրիգորյանը և Տիգրան Աթանեսյանը, Պալատի գործող նախագահ Ռուբեն Սահակյանի կողմից առաջադրված Արա Զոհրաբյանը: Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են «Հետաքննող լրագրողներ», «Հայաստանի Հելսինկյան կոմիտե», «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչությունը, Մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիան:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել