Emedia.am-ը գրում է.
Հնդկաստանի դատարանը 2012թ-ի դեկտեմբերին խմբակային բռնաբարություն իրականացրած չորս անձանց դատապարտել է մահապատժի:
Մահապատիժն իրականացվելու է կախաղան բարձրացնելու միջոցով: Դատավորը հայտարարել է, որ այս դեպքը հազվագյուտ դեպք է և այն պահանջում է այդ կարգի դատապարտում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Agence France-Presse-ին:
Նշենք, որ Դելիում 23-ամյա ուսանողուհու վրա ավտոբուսում հարձակվել էին վեց տղամարդ և խմբակային բռնաբարություն իրականացրել, որից հետո աղջկան ավտոբուսից նետել էին փողոց: Աղջիկը ստացված բազմաթիվ վնասվածքներից հիվանդանոցում մահացել էր:
Դատարանում աղջկա հայրը հայտարարել է, որ նրանք երջանիկ են, քանի որ արդարությունը հաղթանակել է:
Վեց հանցագործներից մեկը, ով եղել է անչափահաս, օգոստոսին մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման, իսկ մյուսը՝ դեռևս մարտին բանտում ինքնասպանություն էր գործել: