1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ առաջընթաց է նկատվում Սիրիայում իրավիճակի կարգավորման գործում և անհրաժեշտ է շարունակել դիվանագիտական խորհրդակցությունները սիրիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու շուրջ:

«Եթե հաջողվի ներկայիս քննարկումների արդյունքում լուրջ ծրագիր կազմել, ապա ես պատրաստ կլինեմ աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է Օբաման:

Օբաման նշել է, որ այս շաբաթ Ռուսաստանը հադես եկավ Սիրիայում քիմիական զենքի մասին առաջարկով, Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը համաձայնեց հրաժարվել թունավոր նյութերի պաշարներից, իսկ ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին քաղաքականության ղեկավարներ Ջոն Քերին և Սերգեյ Լավրովը սկսեցին բանակցել Ժնևում:

«Այս ամենը դրական իրադարձություններ են»,- ընդգծել է Օբաման` հավաստիացնելով, որ ԱՄՆ-ը կշարունակի աշխատել մյուս երկրների հետ սիրիական քիմիական զենքը ոչնչացնելու նպատակով:

Օբաման միևնույն ժամանակ նշել է, որ դիվանագիտական խորհրդակցությունները չպետք է ուղղված լինեն գործընթացի ձգձգմանը: «Ցանկացած համաձայնագիր պետք է ապահովի Ալ-Ասադի վարչակարգի և Ռուսաստանի պարտականությունների կատարում: Դա նշանակում է աշխատանք այն ուղղությամբ, որ Սիրիայի քիմիական զենքը հանձնվի միջազգային վերահսկողությանը և ոչնչացվի»,- ասել է Օբաման և հավելել, որ Ռուսաստանը, աջակցելով այդ նպատակին, խաղադրույք է կատարել իր սեփական հեղինակության վրա:

ԱՄՆ նախագահը նշել է, որ անհրաժեշտ է տեսնել հստակ գործողություններ, որոնք ցույց կտան, որ Ալ-Ասադը լրջորեն պատրաստ է հրաժարվել քիմիական զենքից:

«Եթե դիվանագիտական ջանքերը արդյունք չտան, ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը պետք է պատրաստ լինեն գործել»,- նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել