Իրանի զինված ուժերի կողմից Պակիստանի տարածքում իրականացված հարվածը երկրի օդային տարածքի խախտում է, որը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։ Այս մասին ասվում է Պակիստանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը զետեղված է գերատեսչության կայքում։

«Պակիստանը խստորեն դատապարտում է Իրանի կողմից իր օդային տարածքի չպատճառաբանված խախտումը և հարվածը Պակիստանի տարածքին, որի հետևանքով զոհվել է երկու անմեղ երեխա և վիրավորվել երեք աղջիկ: Պակիստանի ինքնիշխանության այս խախտումը միանգամայն անընդունելի է և կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Առավել տագնապալի է այն փաստը, որ դա տեղի է ունեցել՝ չնայած Պակիստանի և Իրանի միջև կապի բազմաթիվ ուղիների առկայությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նախարարությունը հայտնել է, որ պակիստանյան կողմն արդեն «վճռական բողոք» է հայտնել «Իրանի ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյային Թեհրանում»։ Բացի այդ, միջադեպի առնչությամբ Պակիստանի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, գրում է eadaily.com-ը։

«Ահաբեկչությունը ընդհանուր սպառնալիք է տարածաշրջանի բոլոր երկրների համար և պահանջում է համակարգված գործողություններ: Նման միակողմանի գործողությունները չեն համապատասխանում բարիդրացիական հարաբերություններին և կարող են լրջորեն խաթարել փոխադարձ վստահությունը»,- հավելել է Պակիստանի ԱԳՆ-ն։

Իրանական Tasnim գործակալությունը ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Պակիստանում տեղակայված «Ջեյշ ալ Զոլմ» ահաբեկչական խմբավորման երկու շտաբներին։ Գործակալության տվյալներով՝ գործողության ընթացքում օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։

Հունվարի 10-ի գիշերը «Ջեյշ ալ Զոլմ»-ի ահաբեկիչները հարձակվել են Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգի Ռասկ և Ջանգալ քաղաքների միջև անցակետի վրա, ինչի հետևանքով ոստիկան է սպանվել։ Խմբավորումը նախկինում ստանձնել էր Իրան-Պակիստան սահմանին տեղի ունեցած ահաբեկչությունների, ինչպես նաև Իրանի սահմանապահ ծառայության անձնակազմի վրա հարձակումների պատասխանատվությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել