1in.am-ը գրում է.
«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի մեկնաբանությամբ՝ Հայաստանում աշխատանքի ցածր վարձատրություն, չպաշտպանվածություն, դրսում ավելի լավ աշխատանքի հեռանկարով հայ երիտասարդների զգալի մասը հեռանում է երկրից: Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ անկախ նրանից, մասնագետ ես, թե ոչ, միևնույն է՝ գործ չունես, իսկ ունենալու դեպքում վարձատրությունը շատ ցածր է:
Բանախոսն ասաց, որ միայն առևտրի կամ սպասարկման ոլորտում մի փոքր աճ կա, սակայն այստեղ էլ ձևավորվել է մի փոքր էլիտա, որը կապ ունի միջազգային կառույցների հետ, բայց դա էլ շատ փոքր է: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանն առաջընթաց կունենար, եթե ԵՄ-ի հետ ստորագրեր ասոցացման պայմանագիրը, սակայն Հայաստանը ընտրեց Մաքսային միությունը. «Եթե մտնենք Մաքսային միություն, կապը կկորցնենք Եվրոպայի հետ, Եվրոպան չի խմի մեր կոնյակը, չի ուտի մեր ծիրանը, որովհետև ինքն ունի իր պաշարը: Եթե մենք մտնենք Մաքսային միություն, չենք ունենա աճ, որովհետև Բելառուսը, Ղազախստանը զարգացած երկրներ չեն»:
Նա ներկայացրեց նաև սոցիոլոգիական թվեր, ըստ որոնց բնակչության 40-45 տոկոսը ռուսամետ է, 20-25 տոկոսը՝ եվրոպամետ, երրորդ տեղում Իրանն է, չորրորդում՝ ԱՄՆ-ը: